‘Հիտլերին զրկել են բավարական քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից’

725

Ադոլֆ Հիտլերին զրկել են Բավարիայի Դիտրամսցել քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Այս մասին հաղորդել է The Guardian-ը: Այս որոշման օգտին քվեարկել է քաղաքային խորհրդի ողջ կազմը: Հարցը քվեարկության էր դրվել նաև ավելի վաղ՝ մեկ շաբաթ առաջ, սակայն այն ժամանակ որոշման դեմ էր արտահայտվել քաղխորհրդի անդամների ուղիղ 50 տոկոսը, ովքեր հայտարարել էին, թե իրավունք չունեն «սրբագրել պատմությունը»: Քվեարկության արդյունքները հարուցել էին տեղի բնակիչների վրդովմունքը, և հարցը կրկին դրվել էր քվեարկության:

Նացիստական Գերմանիայի առաջնորդին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցն առաջացել էր այն ժամանակ, երբ քաղաքային արխիվի աշխատակիցը  հայտնաբերել էր փաստաթղթերը՝ այդ կարգավիճակը շնորհելու վերաբերյալ ՝ Հիտլերին և Վայմարյան հանրապետության նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգին, որն էլ հենց 1933 թ. Հիտլերին նշանակել էր ռայխսկանցլեր:

Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար ստացվում են ոչ միայն Գերմանիայի, այլև ուրիշ երկրների տարբեր քաղաքներից: 2012 թ. այդ կարգավիճակից Հիտլերին զրկեց նաև իր հայրենի ավստրիական Բրաունաու քաղաքը:

Հիտլերը Դիտրամսցելի պատվավոր քաղաքացի էր հայտարարվել 1933 թ.: Ընդհանուր առմամբ՝ 1930-40-ական թթ. այդ կոչումը Հիտլերին շնորհվել է Գերմանիայի ավելի քան չորս հազար քաղաքներում և գյուղերում: Երկրորդ համաշխարահյին պատերազմից հետո այդ բնակավայրերի մեծ մասը նրան զրկել է պատվավոր քաղաքացու կոչումից, սակայն որոշ տեղեր դեռ այն պահպանվել է, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Հայկական պլանշետները կպատրաստի ամերիկյան ընկերությունը` ռուսական «Մարսի» տարածքում’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն Հայաստանին եւս €4,8 մլն կհատկացնի բյուջետային գործառույթների շրջանակներում’