‘ՀՀԿ-ական պատգամավոր. Մենք «Հայռուսգազարդ»-ը հանձնել ենք էդ մարդկանց, էլ ինչի՞ ազդենք’

2039

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը

-Պարոն Մնացականյան, գազային համաձայնագրերի հետ կապված՝ ի՞նչ վերաբերմունք ունեք:

— Նորմալ:

— Ձեզ դո՞ւր գալիս է այն, ինչ քննարկվում է ԱԺ-ում:

— Դուր գալը…գազը մեր սեփականությունը չէ, բնական է` Ռուսաստանն է գազի տերը, եւ Ռուսաստանն է պայմաններ թելադրում: Մնացած հարցերը կառավարությունը բանակցել է, ներկայացրել է:

— Որպես պատգամավոր` ձեզ դուր գալի՞ս է, որ մինչեւ 2043 թ. որեւէ օրենք չպետք է ընդունեք, որ կառնչվի «Հայռուսգազարդ»-ին, որեւէ հարկատեսակ նրա վրա չեք կարողանա սահմանել: Կամ նույն նախագահի հրամանագրերը, կառավարության որոշումները չեն անդրադառնա այդ ընկերությանը:

— Դե էդ հարցերը արդեն կառավարության հետ… Կառավարությունն է բանակցել:

— Կառավարության ներկայացուցիչը «Հայռուսգազարդի» տնօրենների խորհրդի նիստին նույնիսկ խորհրդակցական ձայնի իրավունք չի ունենա` պարզապես թույլ են տալու, որ նա գա եւ նստի նիստին` խոստանալով գաղտնի պահել տեսածն ու լսածը:

— Դե եթե բաժնեմասի 100 տոկոսը Ռուսաստանինն է, իրենց է պատկանում, իրենց սեփականությունն է, այդպես պիտի լինի: Նույն նախարարն էլ նշեց, որ եթե ցանկություն ունենան օտարելու բաժնեմասը, ֆիքսված է, որ պետք է համաձայնեցնեն ՀՀ հետ, որ եթե ցանկանա ՀՀ-ն գնել, գնի, եթե չէ` էդ դեպքում ուրիշին վաճառեն:

— Այս հարցը ԱԺ դահլիճում Նաիրա Զոհրաբյանը տվեց նախարար Արմեն Մովսիսյանին, ես էլ ձեզ տամ` վասալի եւ ռազմավարական գործընկերոջ տարբերությունները գիտե՞ք որոնք են:

— Դե դա արդեն ես չեմ պատկերացնում, որ սա վասալի ինչ-որ գործընթաց է: Ռուսաստանը մեր դարավոր ընկերն է, մեր դարավոր բարեկամն է, ու ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ին նորմալ գներով գազը վաճառում է:

— Դարավոր բարեկամը Ուկրաինայի դեպքում գնաց զիջումների, իսկ Հայաստանի դեպքում մեր պետությունն է դարավոր բարեկամին զիջում ունեցվածքը:

— Ուկրաինայում 270 դոլարով է վաճառում գազը:

— Բայց հիմա զեղչեր է կիրառել, ավելին` դրամաշնորհներ տրամադրել:

— Դրամաշնորհը` դե հիմա մեզ էլ ահագին ներդրումներ է անում Ռուսաստանը: Ուկրաինայի չափերը նայեք: Այնտեղ 15 մլրդի մասին է խոսվում, Ուկրաինան ունի 55-60 մլն բնակչություն, (վերջին պաշտոնական տվյալներով Ուկրաինաի բնակչությունը 45 միլիոն է-խմբ.) ՀՀ-ն` 3 մլն: Եթե հարաբերակցության մեջ նայեք` մեզ մոտ ավելի շատ են ներդրումներ անում:

— Բայց ԱՎԾ տվյալներով` այս տարի ռուսական ներդրումները 20 տոկոսով նվազել են:

— Դե հիմա…

— Ի՞նչ խղճով եք քվեարկելու այս համաձայնագրերին:

— Նորմալ, ի՞նչ խնդիր կա:

— Բա սերունդների առաջ պատասխանատվության զգացո՞ւմը:

— Սերունդների առաջ` կարծում եմ, նորմալ պայմանավորվածություններ են: Ձեր հարցը` ոնց որ գայլից վախենաս, անտառ չգնաս: Եթե այդպես նայենք` որեւէ քայլ չենք անի: Բայց ռեալ վիճակը մեզ ստիպում է Ռուսաստանի հետ քայլ անել:

— Վատ չե՞ք զգա, որ ձեր երկրի տարածքում գործող ընկերության վրա ազդեցության լծակ չեք ունենա:

— Բայց եթե մենք «Հայռուսգազարդ»-ը հանձնել ենք էդ մարդկանց, որոշվել է, որ 100 տոկոս բաժնեմասը ՌԴ-ինն է, էլ ինչի՞ ազդենք: Հայաստանի տարածքն է, Հայաստանի սեփականությունը չէ դա, մեր օրենքներն էլ չեն արգելում, որ մարդը սեփականություն ունենա մեր երկրում:

— Օրինակ` ՀՀ-ում գործող ֆրանսիական կամ գերմանական ընկերությունների վրա հայկական օրենքները ազդում են, ռուսականի վրա չեն ազդի: Եթե հարկերը բարձրացնեք, բոլորի վրա կազդի, բացի իրենցից:

— Ո՞նց չի ազդի:

— Համաձայնագրում է նշված:

— Չէ… այդ հարցը արդեն կառավարությանը տվեք:

— ԱԺ դահլիճում հիշեցրին նաեւ  Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի օրինակը: Հնարավարո՞ր է` Տիգրան Սարգսյանին էլ սպառնա նույն ճակատագիրը: Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում էր` եթե ոչ այսօր, ապա վաղը քրեական պատասխանատվության կենթարկվեն այս գործարքն իրականացնողները:

— Եթե ապացուցվի` հակաիրավական, հակապետական որոշում է, դա իրավաբանների խնդիր է: Բայց այս դեպքում ես չեմ կարծում, որ նման իրավիճակ գոյություն ունի:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ. Միջին աշխատավարձը բարձրացել է 4,4 տոկոսով’