‘ՀՀ և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել’

757

Տոկիոյում Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև հունվարի 15-ին անցկացվել են հերթական քաղաքական խորհրդակցությունները, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Նորիո Մարույաման:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության ակտիվացում, առևտրատնտեսական հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում, միջազգային կազմակերպություններում փոխգործակցություն, իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացում:

Երկուստեք կարևորվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն բացելու ճապոնական կառավարության որոշումը, որը Ճապոնիայի խորհրդարանի կողմից հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին:

Որպես քաղաքական երկխոսությանը նպաստող գործոն՝ ընդգծվել է նաև առաջիկայում ուժի մեջ մտնող համաձայնագիրը «Դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին»:

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը խոստանում է խստացնել պայքարը բանակում փողոցային բարքերի կիրառման դեմ’
Հաջորդ հոդվածը‘Հավասարության նշան’