‘Հյուսիսային Կորեան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Սեուլի դեմ’

807

ԿԺԴՀ-ի՝ Կորեայի խաղաղ վերամիավորման կոմիտեն դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը խիստ քննադատության է ենթարկել Փհենյանի գործողությունները, և հայտարարել է Հարավային Կորեայի դեմ պատասխան ֆիզիկական միջոցներ կիրառելու պատրաստակամության մասին, այն դեպքում, եթե Սեուլը անմիջական կերպով մասնակցություն ունենա ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառմանը, փոխանցում է РИА Новости-ն:

«Պատժամիջոցները մեր դեմ հայտարարված պատերազմի են հավասարազոր: Մենք արդեն հայտարարել ենք, որ բոլոր սադրանքներին պատասխան հարված կհասցնենք, իսկ պատերազմին և ագրեսիային կպատասխանենք մեծ պատերազմով՝ հանուն արդարության և ազգային վերամիավորման»,- նշվում է կոմիտեի տարածած հայտարարությունում:

Բացի այդ, կոմիտեն չեղյալ է համարել «Կորեական թերակղզում միասնական ապամիջուկացման»  հայտարարագիրը՝ հրաժարվելով երբևէ թարմացնել փաստաթղթի   շուրջ բանակցությունները Հարավային Կորեայի հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ՄԱԿ-ի Ավտանգության խորհուրդը ԿԺԴՀ-ում վերջերս արձակված հրթիռի (որն, ամենայն հավանականությամբ, միջուկային մարտագլխիկով էր) առիթով քննադատական բանաձև էր ընդունել և համալրել Հյուսիսային Կորեայի՝ տնտեսական պատժամիջոցների ենթարկվող անձանց ցուցակը: Հատկանշական է, որ Հյուսիսային Կորեան հրթիռն արձակել է՝ անտեսելով Փհենյանում միջուկային փորձարկումներն արգելող՝ նախկինում ընդունված բանաձևերը:

Նախորդ հոդվածը‘«Մոսկվա-Սիթիի» շենքերից մեկում հրդեհ է բռնկվել’
Հաջորդ հոդվածը‘Բորիս Լեւին. Մխիթարյանը ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում’