‘
ԼՂՀ ԱԺ-ում այսօր ներկայացվել է կառավարության 2012-2017 թվականների գործունեության ծրագիրը: Այն ներկայացնելուց առաջ ԱԺ-ում ելույթ է ունեցել վարչապետ Արա Հարությունյանը, ով ներկայացրել է փաստաթղթի հիմնական կետերը: Նա ասել է, որ կառավարության ջանքերն ուղղված կլինեն «մի կողմից` կայուն տնտեսական աճի ապահովմանը, մյուս կողմից` սոցիալական արդարության հաստատման լայնածավալ ծրագրերի իրականացմանը, իսկ ուշադրության կիզակետում կլինեն պարենային և էներգետիկ անկախության ապահովմանն ուղղված ծրագրերը»: ԼՂՀ կառավարությունն այդ ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նախանշում է ապահովել՝ ՀՆԱ-ի տարեկան 9-11 տոկոս իրական աճ, ներդրումների ծավալի 10-15 տոկոս միջին տարեկան աճ, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպեր, հինգ հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի 12-15 տոկոս միջին տարեկան աճ, էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի ավելի քան եռակի աճ` այն հասցնելով 380 — 400 մլն կՎտ/ժամի,
երկրի էներգետիկ անվտանգության աստիճանի բարձրացում` վերականգնվող էներգառեսուրսների օգտագործման ընդլայնման և էներգիայի նոր պոտենցիալ սեփական աղբյուրի` քարածխի օգտագործման հիման վրա:
Նախատեսվում է նաեւ ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների թվաքանակի ավելացում մինչև 3 անգամ, սոցիալական երաշխիքների տրամադրման գործող ծրագրերի պահպանում և նոր մեխանիզմների ապահովում, հատկացվող գումարների ավելացում, միջին կենսաթոշակի չափի կրկնապատկում,
ժողովրդագրական իրավիճակի բարելավում, ծնելիության ցուցանիշի աճ,
պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ,
պետական կառավարման համակարգի կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացում և վարչարարության բարելավում:
«ԼՂՀ տնտեսության համար հանքարդյունաբերության խիստ կարևորությամբ պայմանավորված` կառավարության անելիքներն ուղղված կլինեն ոլորտի պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը` հիմնական շեշտը դնելով պաշարների ռացիոնալ օգտագործման վրա: Կառավարությունը վերանայելու է այդ ասպարեզում վարվող հարկային քաղաքականությունն այն հաշվով, որպեսզի ավելի շատ գանձումներ կատարվեն ընդերքի շահագործումից, եւ բավական մեծ մուտքեր ապահովվեն պետական բյուջե: Մեր երկրի ընդերքը իր հարստությամբ նախեւառաջ պետք է ծառայի պետությանն ու ժողովրդին»,- ասել է Հարությունյանը:
Նա նաեւ հավելել է, թե, միաժամանակ, գործադիրը հետեւողական է լինելու շրջակա միջավայրի պահպանության հարցում, իսկ բնապահպանության ասպարեզում կգործի` միանշանակ՝ ելնելով հանրության շահերից եւ նրա հետ ձեռք ձեռքի:
Հարությունյանը հավելել է նաեւ, թե արտաքին բարենպաստ պայմաններ կստեղծվեն՝ ուղղված հանրապետության զարգացմանը և այդ նպատակով օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Սփյուռքի հետ համագործակցության խորացմանը, միջազգային ինտեգրացիոն գործընթացներին ԼՂՀ-ի մասնակցությանը և տարածաշրջանային կառույցների հետ համագործակցության աշխուժացմանը։
«Առաջնորդվելով ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմքում ընկած հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքներով` կառավարությունը կձգտի բարիդրացիական հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, այնպես էլ տարածաշրջանի երկրների հետ»,- ասել է Հարությունյանը:
Հավելենք, որ գործող օրենքի համաձայն՝ եթե 24 ժամվա ընթացքում (մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ի ժամը 12:00-ը) կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվի, կամ նման որոշում չընդունվի, ԼՂՀ կառավարության գործունեության ծրագիրը կհամարվի հավանության արժանացած:
‘