‘Հոլանդացի մարմնավաճառները արտոնյալ կենսաթոշակ են պահանջում’

764

Նիդեռլանդներում մարմնավաճառները դիմել են դատարան՝ պահանջելով պաշտպանել արժանապատիվ կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը:

Սիրո քրմուհիները պահանջում են իրենց իրավունքները հավասարեցնել ֆուտբոլիստների իրավունքներին, որոնք կարող են կենսաթոշակի հատուկ ֆոնդում իրենց հաշվին փոխանցել ամսական 5 հազար եվրո՝ առանց հարկման: Փաստաբանները նշում են, որ մարմնավաճառները, ինչպես և ֆուտբոլիստները, ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում ամենածաղկուն տարիքում, և նրանց աշխատանքային կարիերան երկար չի տևում:

Մարմնավաճառների իրավունքների պաշտպանության արշավը նախաձեռնել է «Ֆրեյա» սեքս-ծառայությունների ընկերությունը, որը Ուտրեխտում մի քանի հասարակաց տուն ունի: Ընկերության փատաբան Վիլ Պոստի խոսքով՝ պոռնկությունը, ինչպես և ֆուտբոլը, որպես մասնագիտություն՝ ավելի հարմար է երիտասարդներին, «երբ գիտես, որ 40-ից հետո ստիպված ես լինելու զբաղվել մի ուրիշ բանով»: «Որոշ տղամարդկանց դուր են գալիս տարեց մարմնավաճառները, սակայն մեծ մասը նախընտրում է երիտասարդներին: Կյանքն է այդպիսին»,- փիլիսոփայաբար հավելել է փաստաբանը:

Նիդեռլանդներում մարմնավաճառությունն օրինականացվել է 2002 թ.: Սեքս-ծառայության ոլորտի գրանցված աշխատակիցները պարտավոր են հարկ վճարել և պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն: Ոմանք աշխատանքային պայմանագիր են կնքում գործատու ընկերության հետ և նրանից աշխատավարձ են ստանում: Սակայն իրավապշտպանները հայտարարում են, որ դա բավարար չէ: Ինչպես ասել է Վիլ Պոստը, ի տարբերություն ֆուտբոլիստների՝ մարմնավաճառները կարիերան ավարտելուց հետո հնարավորություն չունեն աշխատանքի տեղավորվել, ասենք՝ որպես մարզիչ, կամ էլ ինչ-որ գովազդային պայմանագրեր կնքել:

Ամստերդամի նշանավոր կարմիր լապտերների փողոցում մարմնավաճառների մեծ մասի տարիքը չի անցնում 30-ից, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վալենսան պարտություն է կանխագուշակում Եվրամայդանի համար’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի ԱԳ նախարար. «Ռուսաստանն օգտվեց Ուկրաինայի աղքատ վիճակից»’