‘
Հունաստանում սկսվել է 48-ժամյա գործադուլ՝ ընդդեմ ծախսերի կրճատման միջոցառումների նոր փաթեթի, Interfax.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է BBC-ն:
Բողոքի երթերը, որոնք սովորաբար ավարտվում են ոստիկանության հետ բախումներով, պետք է անցկացվեն օրվա երկրորդ կեսին Աթենքի կենտրոնում: Սպասվում է, որ դրանց կմասնակցեն հասարակական տրանսպորտի աշխատողները, տաքսու վարորդները, օդային տրանսպորտի կարգավարները, հիվանդանոցների աշխատողները, իրավաբաններ և լրագրողներ:
Ծախսերի կրճատման միջոցառումների նոր փաթեթը նախատեսում է թոշակների կրճատում, թոշակային տարիքի բարձրացում և աշխատավարձերի, ապահովագրական և առողջապահական նպաստների նվազեցում, ինչը, հույն նախարարների համոզմամբ, թույլ կտա մինչև 2016 թ. խնայել 13,5 միլիարդ եվրո:
Հունաստանը պետք է ձեռք առնի այդ միջոցները, ինչպես նաև՝ հաստատի 2013 թ. բյուջեն, որպեսզի Միջազգային արժույթի հիմնադրամից և Եվրոմիությունից ստանա 31,5 միլիարդ եվրոյի օգնությունը և խուսափի սնանկացումից:
‘