Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել։ Պատճառը երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ կապված գործով դատապարտված տղամարդուն համաներում շնորհելն է։
2023 թ. ապրիլին Նովակը համաներում է շնորհել մոտ երկու տասնյակ մարդու, որոնց թվում էր նաև մանկատան փոխտնօրենը, որն օգնել է հաստատության նախկին տնօրենին թաքցնել իր հանցագործությունները։
Վերջին անգամ որպես նախագահ դիմելով ժողովրդին՝ Նովակը խոստովանել է, որ «սխալ է գործել»։
Վերջին օրերին Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում էին Նովակի հրաժարականը, իսկ փետրվարի 9-ին հազարից ավելի ցուցարարներ երթով գնացել էին դեպի նախագահի գրասենյակ՝ պահանջելով վայր դնել լիազորությունները։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փորձելով զսպել երկրում առաջացած քաղաքական աղմուկը, փետրվարի 8-ին խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխություն, որով նախագահը զրկվում է երեխաների դեմ կատարված հանցագործությունների համար համաներում շնորհելու իրավունքից։
46-ամյա Կատալին Նովակը Հունգարիայի առաջին կին նախագահն էր, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։
իշխող կուսակցության պատգամավորի մանդատից հրաժարվել է նաև երկրի նախկին արդարադատության նախարար Ջուդիտ Վարգան, որը նույնպես ստորագրել էր համաներման որոշումը։