‘Հռոմի Պապի ծրագրավորողը 2-ամսյա կալանքի է դատապարտվել ‘

623

Դատարանը 48-ամյա ծրագրավորող Կլաուդիո Շարպելլետիին մեղավոր է ճանաչել`Վատիկանի գաղտնի փաստաթղթրի արտահոսքի հարցում ներգրավվածության համար եւ դատապարտել 2-ամսյա կալանքի: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Վճիռը հետաձգվել է 5 տարով, եւ եթե այդ փորձաշրջանի ընթացքում նա չխախտի պայմանավորվածությունները, Շարպելլետին կկարողանա խուսափել բանտից: Շարպելլետին աշխատում էր Վատիկանի քարտուղարությունում, որտեղ արդեն 20 տարի պատասխանատու էր համակարգչային սպասարկման համար: Մայիսի 25-ին նա ձերբակալվել է Վատիկանից գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետ կապված սկանդալի շրջանակներում, սակայն հաջորդ օրը ազատ է արձակվել:

Քննիչները պնդում էին, որ Շարպելլետիի դարակում հայտնաբերել են Վատիկանի պաշտոնական կնիքով ծրար, որտեղ եղել են այնպիսի փաստաթղթեր, որոնք հետագայում հրապարակվել են իտալացի լրագրող Ջանլուիջի Նուցցիի «Նորին սրբություն. Բենեդիկտոս 16-րդի գաղտնի նամակները» գրքում: Այդ գրքում, որը լույս է տեսել 2012 թվականի մայիսին, մասնավորապես, խոսք էր գնում Վատիկանում կոռուպցիայի եւ սեքսուալ սկանդալների մասին, որի կենտրոնում էին հայտնվել Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները:

Փաստաթղթերի հիմնական մասը լրագրողին էր փոխանցել Պապի կամերդիներ Պաոլո Գաբրիելեն, ով ընդունել էր իր մեղքը, ներում հայցել, հետագայում ասել, որ այդ քայլին էր գնացել, որպեսզի փրկի եկեղեցին «չարիքից եւ կոռուպցիայից»: Վերջինս դատապարտվել էր 18 ամսվա կալանքի:

 

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի վարչապետի, գլխավոր դատախազի որդիները պատգամավոր’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Վահրամ Աթանեսյան. Ինչո՞ւ պիտի պետությունը բուժի մարդուն ‘