‘
«Ինքնախեղում կատարած դատապարտյալներից մեկը պատճառաբանեց, որ ինքնախեղումն իրականացրել է հոգեկան անհավասարակշիռ վիճակից ելնելով, երբ լսել է իր կողմից սպանված մարդու ձայնը: Մի այլ դեպքում էլ կատարվել է ՔԿՀ թմրանյութ անցկացրած կնոջը չպատժելու պատճառով, մի այլ դեպքում՝ հեռախոս տրամադրելու պատճառով, մյուս դեպքում՝ թմրանյութ տրամադրելու համար… այս ցուցակը կարող է շարունակվել:
Նման պահանջների դեպքում ինքախեղումը նույնացվում է ահաբեկչական ակտի հետ, որի զոհը ինքնախեղում կատարողն է, և ինչպես այս դեպքում՝ այդ դեպքում ևս պահանջները չեն կատարվում: Իսկ կատարվելու դեպքում ՔԿՀ-ում վիճակը շատ ավելի անկառավարելի կլիներ: Ուզում եմ, որ բոլորը իմանան, որ հենց այս պահանջների չկատարումն է, որ վերջին 3-4 տարվա ընթացքում որևէ սպանության դեպք քրեակատարողական հիմնարկներում չի եղել»,- այսօր ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Լսումները «Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով էին:
Հրայր Թովմասյանի համոզմամբ՝ հանրության մեծ մասն անտեղյակ է ոչ միայն Հայաստանի բանտային կյանքին, այլև այն ամենին, ինչ կատարվում է աշխարհի տարբեր բանտերում:
«Բանտերում ինքնախեղումների պատմությունները հաշվվում են դարերով, ես չեմ հորինել, ու այսօրվա իշխանությունների արդյունք չէ»,- նշեց նա:
Նախարարի խոսքով՝ ինքնախեղման հիմնական պատճառներն են.
1. Ուշադրության հրավիրել իրենց և իրենց գործի վրա.
2. Հասնել իրենց համար ցանկալի դատավճռի.
3. Պարտադրել բանտային ադմինիստրացիային՝ տրամադրել արտոնություններ.
4. Հանդիպում են դեպքեր, երբ պատճառը հոգեկան հիվանդ ձևանալն է և պատժից խուսափելը.
5. Դժգոհություն արտահայտելու միջոց:
Նախարարի խոսքով՝ ամեն մի ինքնախեղման դեպք ուսումնասիրվում է, բացահայտվում են պատճառները:
‘