‘Հրանտ Բագրատյանն ԱԺ է ներկայացրել «օրինագիծ-թեստ»՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար ‘

1208

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում ներկայացրել է այսօր խորհրդարանին ներկայացրած օրենքի նախագիծը, որին կցել է համառոտը մեկնաբանություն:

«Այս մի օրենքն էլ, որի նախագիծն այսօր ներկայացրել եմ կառավարությանը, իսկական թեսթ է կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Գոնե սա կընդունե՞ք։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում թափոնների հետագա տնօրինման եւ հաշվառման իրավական հիմունքները: 
Հոդված 2. Սահմանել, որ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ձեռնարկությունները վերամշակման ընթացքում ստացվող թափոնները պարտավոր են պահպանել դրանց համար նախատեսված ձեռնարկության տարածքում գտնվող հատուկ սենյակներում կամ բացօթյա ցանկապատված միջավայրում:
Հոդված 3. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում մթերքների գնման սեզոնի ընթացքում վարել հատուկ գրանցամատյան` օրական գնումների ծավալների նշագրումով: Այդ մատյանները պարտադիր կարգով պետք է կնքվեն կառավարության կողմից նշանակված լիազորված մարմնի կողմից: 
Հոդված 4. Թափոնների համար նախատեսված նշված տարածքների մուտքի իրավունք ունեն վերամշակող գործարանի աշխատակիցները` լիազորված մարմնի կողմից նշանակված պատասխանատուի կողմից թույլտվություն ստանալուց հետո (Թափոնների պահեստավորման համար հատկացված տարածքների համատեղ կապարակնքում):
Հոդված 5. ՀՀ կառավարության լիազոր մարմնին` յուրաքանչյուր տարվա մինչեւ դեկտեմբերի 31-ը կատարել վերամշակող ձեռնարկությունների կողմից մթերումների ծավալի վերաբերյալ հայտարարված տվյալների եւ թափոնների ծավալների համեմատություն եւ այդ մասին տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը: 
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013թ. հունվարի 1-ից»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մեկնարկել է ընտրապայքարի վերջին օրը ‘
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին ‘