‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Քանի դեռ իրական մրցակիցը հաղթած չէ, Սերժ Սարգսյանը չի կարող հանգիստ զգալ իրեն ‘

4063

ասում է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը

 

Հրանտ, ինչպե՞ս եք վերաբերվում «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու գաղափարին:

-Ընդհանուր առմամբ՝ դրական, եւ ինչ-որ տեղ նաեւ ոգեշնչող եմ համարում ՀԱԿ կուսակցության ստեղծման գաղափարը, թեեւ ունեմ որոշ խնդիրներ: Նախ՝ խոսեմ խնդիրներից: Ես կնախընտրեի, որպեսզի նախագիծը ոչ թե կուսակցություն, այլ ավելի լայն ու ազատ ձեւաչափ ենթադրող անվամբ կոչվեր, ասենք՝ միություն կամ նման մի բան: «Քթիմազություն» չեմ անում, այլ կարծում եմ, որ դասական իմաստով՝ կուսակցությունը մրցակցային քաղաքական դաշտում աճող եւ հասունացող պտուղ է, մանավանդ որ խոսքը որոշակի գաղափարախոսություն դավանող ուժի մասին է: Քանի որ Հայաստանում խնդիրը մնում է ոչ թե այս կամ այն գաղափարախոսությունների կամ այս կամ այն հասարակական շերտի շահերը ներկայացնող խմբերի՝ կուսակցությունների պայքարը՝ սահմանադրությամբ գծված խաղի կանոններով, այլ՝ բուն ընտրական մեխանիզմի հարցը, որը ոչ թե այս կամ այն գաղափարախոսությունը դավանող կամ այս կամ այն շերտի շահերը ներկայացնող առանձին ուժերի խնդիրն է, այլ ողջ հասարակության, այդ թվում՝ բոլոր իրապես գաղափարական քաղաքական ուժերի միասնական խնդիրն է, ապա կոնկրետ գաղափարախոսություն դավանող կուսակցության ձեւաչափը կարող է ամենահաջող տարբերակը չլինել:

Սակայն սրանով չեմ ուզում լեզու տալ նրանց, ովքեր սեփական լեզու չունենալով՝ ցայսօր միայն կա՛մ դեմագոգիայով են զբաղվել, կա՛մ էլ յուրացրել են ուրիշի թեզերը՝ դարձնելով դրանք  քարոզչական ծամոն: Կներեք, որ խոսքս մի քիչ էպատաժային ձեւով եմ ստիպված ձեւակերպել, բայց զգուշացնում եմ, որ ցանկացած ֆեյք վերլուծաբանի, որը փորձվի այս թեզս կրկնօրինակել՝ ՀԱԿ կուսկացության գաղափարի քննադատության կամ, ավելի ճիշտ՝ սեւ քարոզչության շրջանակներում, կհամարեմ սովորական գրագող: Ես այդ մարդկանց խոսքին նոր չէ, որ հետեւում եմ, եւ վստահ եմ, որ նույնիսկ այսքան պարզունակ միտք իրենք իրենցով ձեւակերպել ի զորու չեն:

Հիմա անդրադառնամ նախագծի առավելություններին: Նախ՝ վաղուց հասունացած գաղափար էր ՀԱԿ-ին համակրող անկուսակցական զանգվածի համախմբումը եւ ավելի ակտիվ ներգրավումը որոշումներ ընդունելու գործընթացի մեջ: Այդպիսի խոսակցություններ կային դեռեւս 2008-ին, թեեւ այն ժամանակ խոսվում էր կուսակցությունից տարբեր ձեւաչափերի մասին: Նման թեմա քննարկվում էր նաեւ 2012-ի ամռանը: Եվ այս առումով, կարելի է ասել, որ գաղափարի իրագործումը նույնիսկ բավականին ուշացել է: Նկատի ունեմ ոչ թե բուն կուսակցական ձեւաչափը, այլ ընդհանրապես Կոնգրեսի անկուսակցական համակիրների կազմակերպման գաղափարը: Խնդիրն այն է, որ ՀԱԿ անկուսակցական համակիրները տարիների ընթացքում եղել են շարժման յուրահատուկ ողնաշարը: Կուսակցությունների դերը չեմ ուզում նսեմացնել, սակայն, դժվար չէ նկատել, որ, որքան էլ տարօրինակ է, հենց անկուսակցականներն էին ապահովում ՀԱԿ գործողություների զանգվածային աջակցությունը:

Մյուս կողմից՝ այդ մարդիկ քիչ են ներգրավված եղել բուն քաղաքական որոշումների գործընթացներին: Հիմա նրանք հնարավորություն կունենան դրսեւորել իրենց, եթե, իհարկե, իրոք ունեն պահանջվելիք ներուժը: Եվ այս ձեւաչափի դեպքում իշխանությանն ավելի բարդ կլինի իրականացնել ընդդիմության կազմաքանդման գործողությունը: Ավելի բարդ, քան ամբիցիոզ ու շատ անգամ կոմպրոմատի տակ նստած հին կուսակցական «վոժդերի» դեպքում:

 

Ինչպիսի՞ն եք տեսնում նոր ստեղծվելիք կուսակցության ձեւաչափը, ինչպե՞ս է այն գործելու:

-Ինչ վերաբերում է նոր ուժի ձեւաչափին, ապա կարծում եմ, որ, այսպես թե այնպես, ստեղծվելիք կուսակցությունը օբյեկտիվորեն գործելու է ոչ այնքան որպես նեղ իմաստով կուսակցություն, այլ յուրահատուկ քաղաքացիական-քաղաքական միություն, որի նպատակն է լինելու բռնապետության դեմ պայքարի միջնաբերդի դերը ստանձնելը եւ հասարակական մոբիլիզացիան, ինչպես նաեւ՝ նորացված ընդդիմադիր խոսքի եւ քննադատության ձեւակերպումը:

 

-Նորացված խոսք ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

-Նորացված խոսք ասելով՝ նկատի ունեմ, որ այն պետք է սկսի աստիճանաբար տարբերվել հայաստանցիներիս համար ավանդական դարձած «սադոյանական» ոճից, որը բնորոշ էր հատկապես հին կուսակցական գործիչներին, եւ որը նաեւ արտահայտվում էր ՀԱԿ հանրահավաքների ժամանակ՝ ձանձրացնելով շատերին: Հայաստանը թարմացված որակի եւ թարմացված բովանդակության ընդդիմադիր խոսքի կարիք ունի:

Երկրորդ՝ եթե դիտենք նախագիծը ընդհանուր հասարակության մասշտաբով, ապա նոր միավորումը, կարծում եմ, կարելի կլինի բնութագրել որպես անկաշառների դաշինք, չհանձնվածների ուխտ: Այսօր ակնհայտ է, որ իրեն առաջադիմական եւ ընդդիմադիր հռչակող հասարակական շերտի մի զգալի մասը՝ քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, մտավորականներ՝ կաշառված կամ փչացված են իշխանության կողմից: Մեկը՝ փողի դիմաց, մյուսն, այսպես ասած՝ «գաղափարական» հիմունքներով, երրորդը, գուցե, շանտաժով, չորրորդն էլ՝ ինքը չգիտակցելով, թե ում խաղն է խաղում, հինգերորդը՝ անհամարժեք հավակնություններից խեղդված, բայց փաստ է, որ վիճակն այդպիսին է, եւ ի դեպ՝ դա էլ պատճառներից մեկն է, թե ինչու 2013-ին չստացվեց իրական նախընտրական պայքար պարտադրել իշխանությանը: Հայաստանում շատ արագ կերպով փչացվեց ու մարգինալիզացվեց շատ բան՝ քաղաքացիական գաղափարը, քաղաքական գործիչներ ու ուժեր: Այս ավերակների ֆոնին՝ օդի ու ջրի պես պետք է անկաշառների, վերջին զինվորների, միջնաբերդը պահողների դաշնը, որը, հավատացած եմ, կարող է կտրուկ փոխել իրավիճակը, եթե կառուցվի ճիշտ ռազմավարությամբ, որովհետեւ փոփոխությանը հավատալու համար մարդիկ նախ պետք ուժ տեսնեն ու զգան՝ բարոյական, ֆիզիկական եւ այլն:

Եթե իրավիճակը մի քիչ հեռանկարով նայենք, ապա պատկերը հետեւյալն է: Չնայած բոլորը դեռ կենտրոնացած են Սերժ Սարգսյանի քննադատության վրա, բայց ինչ-որ տեղ կարելի է ասել, որ նա արդեն եթե ոչ անցած, ապա անցնող փուլ է: Իշխանություն կոչվածը այլեւս դիտարկելի չէ՝ որպես միասնական կուռ համակարգ: Կարծես թե արդեն բավականին հստակ նշմարվում են դրա մեջ գոյացող եւ միմյանց հետ տակից մրցակցող տարբեր խմբեր: Դրա մասին արդեն կան հետաքրքիր վերլուծություններ: Բացի այդ, եթե ուշադիր հետեւենք որոշ քաղաքացիական ակցիաների, դրանց ակտիվիստներին, ապա կարող ենք նկատել նաև այդ ներիշխանական մրցակցության որոշ արտացոլումներ, որոշ այլաբանական նշաններ: Չի բացառվում, որ «հեղափոխություն վերեւից» սցենարի շրջանակներում փորձ արվի կյանքի կոչել արտաքուստ արմատական ընդդիմադիր քաղաքացիական կամ քաղաքական նախագծեր, որոնք իրենց արտաքին արմատականությամբ հանդերձ՝ իրականում կոչված լինեն մասսովկայի դեր կատարել իշխանության հատվածներից մեկի ծրագրերում: Այդ ծրագիրը կարող է լինել երկրում եղած բոլոր ռեսուրսների է՛լ ավելի կենտրոնացում ՝«օլիգարխիայի» դեմ պայքարի անվան տակ: Իսկ դա նշանակում է, որ փաստացի կզրկվենք նույնիսկ այն սահմանափակ ազատությունից, որն այսօր ունենք, եւ բազմակարծության պատրանքի ներքո կգոյանա ավելի կատարյալ բռնապետական համակարգ՝ փաթեթավորված գեղեցիկ տուփի մեջ: Քանի որ ակտիվիստների մի մասը Հայաստանում մոտավորապես հավին համարժեք խելք, մտածողություն եւ պատկերացումներ ունի կյանքի մասին, եւ թվում է, թե նրանց միակ խնդիրը զուտ, այսպես ասած՝ «բանասիրական է»՝ նրանց թվում է, որ ամեն ինչում մեղավոր են «քյարթիզմն» ու անգրագիտությունը, եւ նրանց համար կարող է բավական լինել, որ առավել քյարթ դեմքերը իշխանության մեջ փոխարինվեն ոչ քյարթ դեմքիկներով, իսկ գործընթացի բուն տրամաբանությունն ու կառուցվածքը նրանք չեն ուզում տեսնել եւ հասկանալ, ապա այդ ամենը կարող է ուղեկցվել նրանց բուռն ծափիկներով: Այդուհանդերձ, համոզված եմ, որ արմատական ընդդիմության ստեղծման արհեստական բոլոր նախագծերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության: Դրանք կարող են որոշ ազդեցություն թողնել «առաջադեմ ինծիլիգենցիայի», բայց ոչ երբեք լայն զանգվածների շրջանակում: Այսինքն՝ հենց այն քյարթ, իբր ծախված ժողովուրդը, որին առաջադեմ ինծիլիգենցիան այդքան արհամարհում է, այդ կուտը չի ուտի, եւ «մասսովկայի» առավելագույն թիվը մոտավորապես 1000 հոգուց այն կողմ չի անցնի:

Ամեն դեպքում, եթե երկրում լրիվ վերանա՝ բեկորների բաժանվի կամ էլ ֆեյքերով լցվի ընդդիմադիր դաշտը, ապա հասարակությունը պարզապես ստիպված է լինելու ընտրել վատի ու վատթարագույնի միջեւ, քանի որ, թվացյալ առաջադիմականների ծրագրի իրականացման դեպքում կարող է, ինչպես ասացի, կորցնել նույնիսկ այն սահմանափակ ազատությունը, որն այսօր ունի: Թող ոչ ոք պատրանքներ չունենա, թե քաղաքական, տնտեսական, ռեսուրսային այլընտրանքների վերացումից հետո, որը կարող է իրականանալ արտաքուստ առաջադեմ կարգախոսների ներքո, զուտ քաղաքացիական մեթոդներով կկարողանա պայքարել բռնապետության դեմ, որը քյարթ մականունավորի դիմակը մի կողմ նետելով՝ կհագնի ավելի երիտասարդ, արտասահմանում սովորած նուրբ տղայի դիմակ, բայց կլինի ավելի բռնակալ, քան երբեւէ: Հենց այս սցենարի պայմաններում հասարակական իրական դիմադրության կազմակերպման վերջին հնարավորությունը կարող է, թերեւս, լինել վերափոխված, նորոգված ՀԱԿ-ը, թող անունը լինի կուսակցություն, այլ ոչ թե իմ նախընտրած՝ միություն: Եթե չենք ուզում Հայաստանը վերածել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների գործակալների բախման դաշտ, եթե չենք ուզում ընտրել, մի կողմից՝ ջահել ու պուպուշ, եւ մյուս կողմից՝ հին ու քյարթ «օլիգարխների», պայմանական ասած՝ Սաշիկի ու Միշիկի միջեւ, ապա պետք է ամեն գնով աջակցենք հայաստանակենտրոն ուժի ստեղծման նախագծին կամ գոնե անմտորեն չխանգարենք դրան:

 

Իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ աշխարհաքաղաքական կենտրոնները:

-Ինչո՞ւ եմ հիշատակում նաեւ աշխարհաքաղաքական կենտրոնները: Որովհետեւ ակնհայտ է, որ այն պայմաններում, երբ հասարակությունը պասիվացել է, արտաքին գործոնները, բնականաբար, ակտիվացել են, եւ փորձել են պարտադրել իրենց օրակարգը, իրենց բաժանումը, իրենց պայքարը, որի արդյունքում ներքաղաքական պայքարը կարող է վերածվել արտաքին ուժերի պայքարի սովորական ածանցյալի, մանավանդ որ զուտ քաղաքացիական ձեւաչափը, չունենալով քաղաքական մտածողություն, ի զորու չէ կամա թե ակամա չվերածվել որեւէ օտար ուժի գործակալի: Տպավորություն կա, որ այսօր իսկ տարբեր արտաքին բեւեռներ ավելի ակտիվորեն ներգրավվել են ներքաղաքական պայքարում: Պետք է հիշել, որ արտաքին որեւէ ուժի առաջնային նպատակները չեն կարող լինել մեզ հուզող իրական խնդիրները՝ սահմանադրականությունը, ժողովրդավարությունը, արդարությունը: Իսկ եթե Հայաստանը բաժանվի արեւմտամետների եւ ռուսամետների միջեւ, ապա դա կլինի իսկական աղետ մեր պետականության համար, որի հիմքում ցայսօր ընկած է եղել Ռ. Իշխանյանի ձեւակերպած երրորդ ուժի բացառման օրենքը:

 

Իշխանությունները եւ մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը, շատ բուռն արձագանքեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հարցազրույցին, որտեղ վերջինս խոսում էր Կոնգրես կուսակցություն ստեղծելու նախաձեռնության մասին:

-Ինչ վերաբերում է իշխանական տարբեր արձագանքների, ապա, նախ՝ նոր չի զգացվում, որ չնայած ընտրարշավին մասնակցում են լրիվ այլ ուժեր, այսպես կոչված՝ ազատ եւ չափից ավելի անկախ կայքերը շարունակում են տառապել ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի դարդով: Բանը հասել է նրան, որ նրանք բացահայտորեն ձեռ են առնում հայ ինծիլիգենցիային, որի մեծ մասը դոդի պես զոհ գնաց քողարկված իշխանամետ քարոզչությանը (չնայած որ իրենք ուրիշ մարդու էին Դոդ կոչում, բայց փորձը ցույց տվեց, թե իրական դոդերն այս վիճակում ովքեր են), ինչը բնական է, քանի որ հայ ինծիլիգենտը մտածում է ոչ թե հասարակագիտական կամ ընդհանրապես գիտական, այլ գեղարվեսատական ու հուզական կատեգորիաներով: Ամբողջ աշուն այսպես ասած՝ Հադրութ.քոմն իր առաջին լրատվականով հանդերձ՝ օրական հինգ հոդված էին գրում նրա մասին, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությունը քանդում է ընդդիմադիր դաշտը, որ ԲՀԿ-ն ախքական խաղեր է տալիս: Բայց երբ ԲՀԿ-ն հրաժավեց պայքարից, ոչ ոք ներողություն չխնդրեց մարդկանցից, չասաց, ախր, եթե սա «ախք» սցենարը լիներ, եթե իշխանության հետ համաձայնեցված խաղ լիներ, ապա տարրական տրամաբանությունը հուշում է, որ դա պետք է տեւեր մինչեւ ընտրությունների բուն օրը, որպեսզի վերջում, ըստ հայտնի սցենարի՝ նորահայտ ախք-ը, հանուն ազգի միասնության, Սերժի ձեռքը սեղմեր: Իսկ եթե դա չեղավ, նշանակում է՝ պետք է բացատրել, թե ինչն էր այդ դեպքում «խաղի» իմաստը: Կանխատեսման այսպիսի սխալից հետո կանխատեսողները, որոնք սովորաբար ուրիշներից են պատասխանատվություն պահանջում, պետք է կամ ներողություն խնդրեին, կամ զանգվածային խարակիրի անեին: Բայց չարեցին եւ ճիշտ արեցին, որովհետեւ հասարակությունը դա նրանցից չպահանջեց: Եվ հիմա լկտիությունը հասել է մի այլ մակարդակի: Նույն մարդիկ ասում են, բա՝ Սերժն այլընտրանք չունի, որովհետեւ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը մի կողմ քաշվեցին: Բա ձեր, արի ու մի ասա, տիրու պապը, եթե այդպես է, բա ո՞նց էիք գրում, որ Սերժին ձեռնտու է ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունը: Սա է բացահայտ ձեռառնոցին, կայֆավատը մարդկանց վրա, բայց քանի դեռ մարդիկ պատրաստ են տրամաբանության այսպիսի բռնաբարությունները մարսել, ապա միայն կարող եմ ասել, որ հալալ է ձեռ առնողներին: Իհարկե, հիմա կասեն՝ վայ, աման, Հրանտը ԲՀԿ-ին է պաշտպանում եւ այլն: Սիրելիներս, եթե ձեզ մոտ դեռ տարրական ինքնահարգանք մնացել է սեփական անձի եւ սեփական ուղեղի նկատմամբ, կարող եք նկատել, որ Հրանտը տվյալ դեպքում միայն ու միայն տարրական տրամաբանությունն է պաշտպանում, եւ ուրիշ ոչինչ:

 

Դառնամ  բուն թեմային: Կուսակցության ստեղծման նկատմամբ իշխանական արձագանքը լավագույն ցուցիչն է այդ գաղափարի լրջության: Ընդհանրապես, ցանկացած գործչի իրական վտանգը իշխանության նկատմամբ չափելու համար պարզապես այցելեք «անկախ» կայքերը: Ում այնտեղ հայհոյում են, նրան էլ «2018-ի ընտրությունների անվան Զագրանիցա նամ պոմոժետ» իբր գաղտնի երիտասարդաց եւ կուսանց միությունը համարում է իր գլխավոր գերագույն հովանավորի մրցակիցը: Հետեւեք դինամիկային: Որոշ դեպքերում նույն մարդուն մի օր հայհոյում են, մի օր գովաբանում՝ դրանք ուրեմն դաստիարակման ենթակա ներկա կամ ապագա կլիենտներն են կամ հարիֆները: Հիմա կուսակցության գաղափարը դառնալու է եւ արդեն դարձել է սրանց մոտակա օրերի, եթե ոչ շաբաթների հացն ու գինին: Գրվելու են, արտագրվելու են եւ քոփի փեյսթ են արվելու լավաշներ, մի ամբողջ լավաշի ցեխ է բացվելու, որտեղ հոդվածից հոդված մի երկու տափակ լապշա հոլովվելու է հայերենի բոլոր հնարավոր հոլովներով: Հույս չունենաք բովանդակային քննադատության, ամեն բան սահմանափակվելու է՝ «բա տեսաք՝ էս ինչ ասեց» կոնտեքստից դուրս կտրված ֆրազների շուրջ՝ համեմված հայ վերլուծաբանին վայել՝ վայ ամանի ու վույ ամանի չափազանցված դոզայով:

Վերջապես՝ բուն Սերժ Սարգսյանի արձագանքի մասին: Նկատելի է, որ այդ տարօրինակ մարդն ընդհանրապես մի տեսակ նյարդայնացած է այս՝ թվում է թե՝ լազաթ ընտրարշավի ընթացքում: Չափից ավելի շատ է բոցում ինքնավստահ թեկնածուի համար: Չգիտեմ, ո՞րն է պատճառը, գուցե հենց այն, որ հասկանում է, թե թվացյալ կայունությունը բացահայտ անկայունությունից վատթար է, կամ երիտասարդաց միության շունչն է զգում իր թիկունքին, կամ այլ պատճառ ունի: Ամեն դեպքում՝ նա վերջում կարող է ճարահատյալ հայտնվել մեր դռանը, որովհետեւ նա էլ արդեն միգուցե զգում է, որ բարդույթներ չունեցող «երիտասարդները» կարող են իր գլխին բերել մի տասն անգամ ավելին, քան ինքն իր նախորդի գլխին է բերում նույն երիտասարդների միջոցով: Այս նյարդային ֆոնին է պետք դիտել իր արձագանքը այդ  հարցազրույցին: Եթե նա իրական մարտահրավեր չտեսներ եւ իրոք համարեր, որ Լեւոնի ժամանակն անցել է, ապա իմաստ չուներ այս բացառիկ ջղային հրապարակային պատասխանը, ուր նա նաեւ ակնարկում է Լեւոնի մարտի մեկի տնային կալանքը: Բացի այդ, երեւում է, որ նրան դուր չի գալիս, հետեւաբար՝ այնքան էլ ձեռ չի տալիս Լեւոնի չառաջադրվելու քայլը, որովհետեւ, ոչ թե չառաջադրվելը, այլ այս՝ ժամանակավոր անբարենպաստ պայմաններում առաջադրվելը կարող էր Լեւոնին վերջնականապես դուրս մղել քաղաքական դաշտից: Իսկ այժմ, քանի դեռ իրական հակառակորդը, իրական մրցակիցը հաղթած չէ, Սերժ Սարգսյանը հանգիստ զգալ իրեն չի կարող: Բայց, կրկնեմ, գուցե ավելի լավ է՝ աղոթի Աստծուն, որ Լեւոնը չհեռանա քաղաքականությունից, ու նա մեն-մենակ չմնա վերահսկողությունից դուրս եկող խունվեյբին ջահելների հետ:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Սիրիայում առևանգվել է 45 մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը նահանջեց 5 աստիճան’