‘Հրանտ ՏԷր-Աբրահամեան. Ժամանակավոր դադար ‘

921

Քաղաքական մի մեծ փուլ ավարտվեց, գուցե նույնիսկ պատմական մի շրջան: Չեմ բացառում, որ հետագայում համոզվենք, որ ավարտվեց ոչ միայն այն, ինչ սկսվել էր 2007-ից, այլեւ ավելի մեծ տեւողության մի հատված:

Այսպիսի պահերին կարեւոր է դառնում… ոճը եւ ճաշակը՝ ճիշտ պահին կարճ դադար վերցնելու, ճիշտ խոսքեր ասելու եւ ճիշտ ժեստեր անելու, ճիշտ տոնայնությունն ու ռիթմը: Ոճը տվյալ դեպքում հասարակության հասունության ցուցիչ է: Անզուսպ ողբն ու անթաքույց հեգնանքը հավասարապես անոճ են եւ գռեհիկ: Մանավանդ, եթե իրավիճակը ստեղծված է մի գործչի քայլի հետեւանքով, ում համար զսպվածությունը եղել  է կարեւորագույն որակ՝ մարդկային եւ քաղաքական: Ինչ-որ առումով անտեղի են նույնիսկ հապճեպ վերլուծականները եւ խելացի մեկնաբանությունները՝ դրանք մեծամասամբ վկայում են մեկնաբանողի` իրեն վայրկյան առաջ մեյդան գցելու ցանկության մասին: Վերլուծության ժամանակն, անշուշտ, կգա եւ կգա շատ արագ, բայց անհրաժեշտ ոճական գործողություններից հետո միայն, այլապես կարելի է նմանվել վառվռուն եւ իրար չսազող գույներով շորեր հագած գավառցու, որը շատ է ուզում իրեն քաղաքում ցույց տալ, բայց անհարմար վիճակի մեջ է ընկնում: Գավառցիները սիրում են հարկ եղածից ավելի լուրջ ձեւանալ, բայց որոշ դեպքերում բարձր ոճի նշանը թեթեւ, նույնիսկ ինչ-որ տեղ աննկատ հումորն է՝ լրջության եւ անլրջության սահմանին, ինչն, ի դեպ, նույնպես բնորոշ էր նրան, ում չառաջադրվելով ստեղծվում է նոր իրավիճակը: Պահել բարձրությունը՝ ահա, ուրեմն, առաջին խնդիրը:

Շատ ասելիք կա եւ կլինի ապագայում, բայց այս պահին, նախեառաջ, ուզում եմ ասել կարեւորը: Իսկ կարեւորն ինձ համար տվյալ դեպքում անկեղծ շնորհակալությունն է առաջին նախագահին` հինգ տարվա հասարակագիտական եւ քաղաքական բաց դպրոցի, գործնական պատմության յուրահատուկ դաշտային «պրակտիկումի» համար: Սրանք հավուր պատշաճի խոսքեր չեն, ոչ էլ` «հրաժեշտի երեկո»: Կարծում եմ, իմ սերնդի, առավել եւս` ինձնից մի քիչ փոքրերի համար Լեւոն Տեր-Պետրոսյանը նախեւառաջ 2007-ից վերադարձած Լեւոնն էր, չնայած, անշուշտ, հիշում ենք նաեւ 80-90-ական թթ.-երը: Այստեղ չեմ ուզում քննարկել, թե անցած հինգ տարիների ընթացքում ինչ ձեռքբերումներ եւ ձախողումներ ունեցան Տեր-Պետրոսյանն ու Հայ ազգային կոնգրեսը. «ճշտի ու սխալի» հարցը դեռ կգա:

Ես վստահ եմ, որ չնայած ամեն ինչի, երկիրը փոխվել է: Ով ինչ ուզում է ասի, բայց Հայաստանն այլեւս 2007-ինը չէ, եւ չնայած իշխանափոխություն տեղի չի ունեցել, իսկ բացասական միտումները բազմաթիվ են, բայց մեր հասարակությունը հասունացել է, եւ Տեր-Պետրոսյանի դերն այստեղ անուրանալի է նույնիսկ իր հետ չհամաձայնողների համար: Ես միշտ առարկել եմ, երբ ինձ կոչել են լեւոնական, որովհետեւ քաղաքական դիրքորոշման անձնավորումը սկզբունքորեն սխալ եմ համարել: Բայց այսօրվանից կարող եք ինձ կոչել եւ անվանել լեւոնական: Դա բնավ էլ չի նշանակում` կուրորեն համաձայնել առաջին նախագահի ցանկացած քայլի կամ դիրքորոշման հետ, վերջին ճշմարտություն համարել նրա ցանկացած խոսքը: Ո՛չ, ինձ համար լեւոնական լինելը նշանակում է նախեւառաջ այն հսկայական փորձի կուտակումն ու իմաստավորումը, որ եղավ այս տարիների ընթացքում, նշանակում է` առաջնորդվելով առաջին նախագահի օրինակով եւ ոճով՝ բանականություն, զսպվածություն, ազնվություն, հայաստանակենտրոնություն, հանդարտ վճռականություն, գնահատե՛լ իրավիճակը եւ գործե՛լ իրավիճակում: Լավագույնն, ինչ կարող ենք ապացուցել այս ուղու վրա` այն է, որ Տեր-Պետրոսյանն անփոխարինելի չէ, որ նա կարողացավ մեզ իր փորձը փոխանակել, եւ մի օր մենք կարողանանք ասել, որ նրա սկսածը` նրա օգնությամբ կամ առանց դրա, ավարտին հասցրինք:

Ուստա Հրանտ

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում 27.12.2012

Նախորդ հոդվածը‘Օզբիլիզը ճանաչվել է «Կուբանի» լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Կրկին 2008-ի շունչն է ‘