‘«Հրապարակ». Նախագահի թեկնածու Հովիկ Աղազարյան. Մենք դժոխք տանող ճանապարհից ետ կանգնելու հնարավորություն ունենք ‘

777

«Հրապարակը» այսօրվա իր համարում գրում է. «Երեկ ասպարեզ իջավ հերթական նախագահացուն՝ Հովիկ Աղազարյան անուն-ազգանունով, որը պատրաստվում է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել: «Առավոտի» հետ զրույցում նա հայտարարել է. «Մենք դժոխք տանող ճանապարհից ետ կանգնելու հնարավորություն ունենք»:

Աղազարյանը 1990-95թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ: Հետագայում հեռացվել է Դաշնակցությունից: Սակայն կենսագրական այս տվյալները նույնիսկ չեն կարող չնչին օգնություն մատուցել նորանուն թեկնածուին, քանի որ, մեր տեղեկություններով, Աղազարյանը չի բավարարում ՀՀ սահմանադրությամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար ներկայացվող պահանջները: Խոսքը 10 տարվա մշտական բնակության պահանջին է վերաբերում: Աղազարյանը ծնունդով Արարատի մարզի Սուրենավան գյուղից է և վերջին 10 տարիներին բնակվել է Սանկտ Պետերբուրգում: Ճիշտ է՝ ժամանակ առ ժամանակ եկել է Հայաստան, սակայն, սուրենավանցիների վստահեցմամբ, վերջին անգամ Հայաստանում եղել է 2 տարի առաջ»:

Իսկ «Առավոտը» զրուցել է ՀՀ նախագահի նոր թեկնածու Հովիկ Աղազարյանի հետ. Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

-Պարոն Աղազարյան, Դուք մտադիր եք առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու` նախաձեռնող խմբի կողմից: Դա այդպե՞ս է:

-Այո, դա այդպես է: Այժմ նախաձեռնող խումբը զբաղված է ծրագրային դրույթներն ամբողջականացնելու և առավելագույն պարզ տեսքով հանրությանը ներկայացնելու գործով:

-Դուք եղել եք Գերագույն խորհրդի պատգամավոր, ամենահայտնի` ՀՅԴ խմբակցության անդամ, 96-ի քաղաքական կյանքում ՀՀ նախագահի «միասնական թեկնածուի» ջատագովներից մեկը: Կարո՞ղ ենք ենթադրեք, որ Ձեր նախաձեռնող խմբում կլինեն 96-ի քաղաքական բովով անցած անձինք: Ձեր` որպես նախագահի թեկնածուի ծրագրային դրույթները ինչպե՞ս եք պատկերացնում:

-Հանրաքվեի միջոցով անցնել պառլամենտական համակարգի, կրճատել պատգամավորների թիվը, որոնք պետք է ընտրվեն բացառապես համամասնական համակարգով, ՀՀ նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից: Օրենսդրական ակտերով մեծացնել սփյուռքի դերը հայոց պետականության ամրապնդման և զարգացման գործում: Այդ ճանապարհին, որպես առաջին քայլ, Հանրային խորհուրդը դարձնել համահայկական կառույց [սփյուռքի բոլոր համայնքները պետք է ընտրեն իրենց առաջնորդներին, հնարավորինս կարճ ժամանակում այն վերածել որպես երկպալատանի խորհրդարանի վերին պալատ: Խորհրդարանի վերին պալատի կարևորագույն դերը պետք է լինի նախորդ տարվա բյուջեի կատարման հաստատումը և հաջորդ տարվա բյուջեի հաստատումը: Բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ, բայց, իհարկե, բոլոր երիտասարդները պետք է անցնեն պարտադիր զինպատրաստվածություն` ողջամիտ ժամանակահատվածում: Առողջապահությունը պետք է լինի ապահովագրային: «Նվազագույն զամբյուղ» հասկացությունը պետք է հանդիսանա հիմք` յուրաքանչյուր ընտանիքում նվազագույն կենսամակարդակի ապահովումը որոշելու համար:

Նախորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Հրանտ Մարգարյան. Բացառվում է, որ ՀՅԴ-ն պաշտպանի Ս.Սարգսյանի թեկնածությունը’
Հաջորդ հոդվածը‘2013 թ. Մեռելոցները՝ կրկին ոչ աշխատանքային’