‘Ղազախստանը, Ռուսաստանի օրինակով, կարգելի ուկրաինական «Ռոշենի» ներմուծումը’

746

Ղազախստանը կարող է միանալ Ռուսաստանին եւ արգելել քաղցրավենիք արտադրող ուկրաինական «Ռոշեն» ընկերության արտադրանքի ներմուծումը, այս մասին, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ղազախստանի սանիտարա-համաճարակային հսկողության գերատեսչության գլխավոր փորձագետ Մարալ Ռախիմժանովան:

«Ներկայումս պաշտոնապես հաստատվել է «Ռոսպոտրեբնադզորի» եզրակացությունն այն մասին, որ «Ռոշենը» չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական չափանիշներին: Նմանատիպ ստուգումներ է սկսել նաեւ Ղազախստանի սանիտարական ծառայությունը: Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում այս արտադրանքը մեզ մոտ եւս կարգելվի», — ասել է Ռախիմժանովան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները արգելել են ՌԴ տարածքում ուկրաինական ընկերության արտադրանքի վաճառքը: Որոշ վերլուծաբաններ նշում են, որ խոշոր արտադրողի արտադրանքի ներմուծման արգելքի միջոցով Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որը պատրաստվում է նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքել: 

 

Նախորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունների կոչը ակտիվիստներին եւ հեռուստաընկերություններին’
Հաջորդ հոդվածը‘Էժան ավիատոմսերի պատճառով հայերը նախընտրում են Թբիլիսից թռչել’