‘Ճապոնիան նոր վարչապետ է ընտրել’

589

Ճապոնիայում վարչապետ է դարձել 10 օր առաջ համապետական խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն: Երեք տարվա ընդմիջումից հետո սա առաջին դեպքն է, երբ լիբերալ-դեմոկրատները վերցնում են երկրի կառավարության ղեկը, հայտնում է РИА Новости-ն:

Այսօր կայացած Ճապոնիայի խորհրդարանի արտահերթ նիստում՝ Աբեի թեկնածությանը կողմ են քվեարկել խորհրդարանի 480 պատգամավորներից 328-ը:

Մեկ օրվա ընթացքում նորընտիր վարչապետի գլխավորությամբ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կձևավորի նոր կառավարության կազմը, որից հետո՝ այսօր երեկոյան,  Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի նստավայրում կկայանա կառավարության կազմի հաստատման  արարողությունը:

Ինչպես արդեն հայտնել էինք, խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ պարտություն կրելուց հետո Ճապոնիայի իշխող կուսակցության առաջնորդ և ներկայիս վարչապետ Յոսիհիկո Նոդան ճանաչել է հակառակորդների հաղթանակը և որոշել է թողնել պաշտոնը: Լիբերալ-դեմոկրատները ջախջախիչ պարտության են մատնել իշխող Դեմոկրատական կուսակցությանը: 480 մանդատներից նրանք ստացել են ոչ ավել, ոչ պակաս՝ 300-ը, իսկ բուդդիստական «Կոմեյտո» կուսակցութայն դաշնակիցների հետ միասին՝ խորհրդարանի տեղերի երկու երրորդը:  Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն ինքնըստինքյան դառնում է ճապոնական կառավարության նոր՝ թվով 96-րդ ղեկավարը: Լիբերալ-դեմոկրատների շտաբում հաղթանակն սկսել են տոնել մինչև ձայների պաշտոնական հաշվարկի ավարտը: ԼԴԿ-ի արդյունքները շատ ավելի տպավորիչ են եղել, քան կանխատեսվում էր նախընտրական քարոզարշավի ընթացքում: Կուսակցության ղեկավար Սինձո Աբեն հինգ տարի առաջ եղել է վարչապետ, և հենց նրա պաշտոնանկությունից հետո էլ սկսվել էր կուսակցության հեղինակության անկումը, որն ավարտվել էր 2009 թ. ընտրություններում ամոթալի պարտությամբ: Եվ հիմա Աբեն հաղթանակով վերադառնում է վարչապետի պաշտոնին:

Նախորդ հոդվածը‘«Ընկեր Լիլիթը կառատեի փետով խփելա գլխիս». պատմում է գիշերօթիկից փախած Տիգրանը’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Արգելքը հանված է, Իրանից ապրանքները ներկրվում են Հայաստան’