‘Մարգարիտ Եսայան. Տիգրան Առաքելյանն առանձնապես ցանկություն չուներ ինձ տեսնելու ‘

1077

Տիգրան Առաքելյանի հետ հանդիպումը անցավ նորմալ, թեպետ Տիգրան Առաքելյանն անձամբ իմ հանդեպ շատ վատ էր տրամադրված և ասաց, որ առանձնապես ցանկություն չուներ ինձ տեսնելու, բայց կարծում եմ, որ զրույցի ընթացքում այն կնճիռները, որ կային, ինչ-որ չափով հարթվեցին: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: 

Նշենք, որ այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովների անդամները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին և մի քանի դատապարտյալների, որոնք, որպես բողոքի նշան, աչքն ու բերանն էին կարել: 

«Տիգրանի տրամադրվածությունը բացառապես քաղաքական էր և ուղղված էր այն քաղաքական ուժին, որը ես եմ ներկայացնում, բայց ես կարծում եմ՝ Տիգրանը բավականին խելացի տղա է, և հասկացավ, որ այդ հանդիպումը իրեն էր պետք և ինձ էր պետք: Իմ կազմած, խմբագրած գիրքն էի նվեր տարել Տիգրանին և խնդրեցի, որ ինքն անպայման այդ գիրքը կարդա»,- պատմեց Եսայանը: 

Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով Տիգրանի տարիքը, այն, որ երբեք որևէ դատվածություն չի ունեցել և հաշվի առնելով այն կնճիռները, որ կային դատավարության ընթացքում, ինքը շատ կուզենար, որ Վերաքննիչ դատարանը  փոխեր որոշումը և կրճատեր Տիգրան Առաքելյանի պատժաչափը: Նա վերահաստատեց ՀՀԿ արտահայտած կարծիքը, թե Տիգրան Առաքելյանի գործում քաղաքական ենթատեքստ չկա: Մեր այն հարցին, թե ինչու որոշեց հանդիպել Տիգրան Առաքելյանի հետ՝ մամուլում նրանց միջև տեղի ունեցած «հակամարտությունից» հետո, Եսայանն այսպես պատասխանեց. 

«Որևէ հակամարտություն չի եղել, համենայն դեպս՝ ես դա չեմ դիտարկում որպես հակամարտություն: Երբ Տիգրանի դատավարությունն ընթանում էր, ինձնից կարծիք են հարցրել, և ես ասել եմ նույնը, ինչ որ հիմա ձեզ եմ ասում: Ասել եմ, որ այն հայտարարությունը, որ տարածել էր Տիգրան Առաքելյանը, իմ կարծիքով՝ ոչ թե Տիգրան Առաքելյանն է դրա հեղինակը, այլ նրա քաղաքական պապաները, ինչին նա հակադարձեց՝ ասելով, որ ինքն է հայտարարության հեղինակը»: 

Մարգարիտ Եսայանի խոսքով՝ ինքը Տիգրան Առաքելյանին հանդիպել է ոչ այնքան որպես քաղաքական գործիչ, որքան « որպես կին, մայր, որը կուզի, որ երիտասարդ մարդիկ իրենց տեղը գտնեն կյանքում, և ոչ թե լինեն ազատազրկման մեջ»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ցավակցել է Օբամային՝ Սենդի ավերիչ փոթորկի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Սաֆարովի արտահանձնումից երկու ամիս է անցել, սակայն կոնկրետ գործողություններ չկան’