‘Մարդկանց կուտակումներ Արարատ և Մուսալեռ գյուղերի ընտրատեղամասերում (Լրացվում է)’

1201

iLur.am-ի թղթակիցը Արարատ գյուղի 18/03 ընտրատեղամասից հայտնում է, որ ընտրատեղամասի մոտ կուտակումներ կան, տարեց մարդկանց են բերում քվեարկելու: Եղել են նաև դեպքեր, երբ ընտրողի փոխարեն արդեն քվեարկած են եղել: iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ ընտրատեղամասում լցոնումներ և բաց քվեարկության դեպքեր չեն գրանցվել: Նշենք, որ ներկայիս գյուղապետ Գրիշա Մելքոնյանն արդեն շուրջ 20 տարի է ղեկավարում է համայնքը:

Նույն գյուղի18/01 ընտրատեղամասում գտնվող iLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ գործող գյուղապետից համատարած դժգոհություն կա, ընտրատեղամասի առաջ կուտակումներ կան, ինչ-որ մարդիկ են հավաքված, բաց քվեարկության երկու դեպք է գրանցվել: Երբ ընտրողը ցույց է տվել հանձնաժողովի անդամին արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկը, մեր թղթակիցը բաց քվեարկության պատճառով պահանջել է անվավեր ճանաչել տվյալ քվեաթերթիկը, մերժում է ստացել հանձնաժողովի անդամների կողմից:

Արմավիրի Մուսալեռ գյուղի 19/02 ընտրատեղամասից iLur.am-ի թղթակիցը փոխանցում է, որ գրանցված ընտրախախտումներ չկան, սակայն իրականում առկա են բավականին չափ ընտրակեղծիքներ: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ թաղային հեղինակությունների, քաղաքապետի կողմնակիցների ներկայությունը ընտրատեղամասում ճնշման մթնոլորտ է ստեղծում գյուղացիների շրջանում: Առկա է նաև խմբերով ընտրողներին ընտրատեղամաս բերելու դեպքեր:

Լրացում.

18/07 ընտրատեղամասում մեր թղթակիցը նկատել է, թե ինչպես գյուղապետի ներկայացուցիչներից մեկը մոտեցել է հանձնաժողովի նախագահին և մատյանից ճշտել՝ գյուղացիներից ովքեր են արդեն իսկ մասնակցել ընտրությանը, ովքեր՝ ոչ:

Լրացում.

Արմավիրի Մուսալեռ գյուղի 19/02 ընտրատեղամասից iLur.am-ի թղթակիցը փոխանցում է, որ իր նախաձեռնությամբ կազմվել է արձանագրություն, առ այն, որ ընտրատեղամասում դիտվել են մարդկանց կուտակումներ՝ ստեղծելով կաշկանդված մթնոլորտ ընտրողների ազատ կամքի արտահայտման համար: Հանձնաժողովի նախագահի հորդորներն էլ չեն օգնել ստեղծված իրավիճակը փոխելու համար: Հատկանշական է, որ սույն արձանագրության ներքո ստորագրել է նաև հանձնաժողովի նախագահը, ով ՀՀԿ կուսակցության անդամ է:

Նախորդ հոդվածը‘Կանանց Հայաստանի հավաքականն էլ հաղթանակով ավարտեց մրցաշարը ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Հպարտ եմ, որ նման թիմի մաս եմ կազմում ‘