‘
Մարտիմեկյան սպանդի ժամանակ զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Խաչատրյանը, iLur.am-ի հետ զրույցում խայտառակություն անվանեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի կողմից լույս տեսած «Հայոց պատմության» դասագրքում 2008-ի նախագահական ընտրությունների եւ մարտիմեկյան սպանդի վերաբերյալ շարադրանքը: Հիշեցնենք, որ դասագրքում իրադարձությունները ներկայացված են խեղաթյուրված, նշվում է, թե իբր մարտի մեկին եղել է երկկողմանի հրաձգություն եւ այլն:
«Շատ վրդովված եմ եւ վիրավորված, ամբողջ գիշեր չեմ քնել: Էդիկ Մինասյանը (գրքի հեղինակներից, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան-խմբ.) եղել է իմ պատմության դասախոսը` համալսարանի քիմիայի ֆակուլտետն եմ ավարտել, եւ չգիտեմ, ուղղակի ցնցված եմ, չգիտեի, որ ինքը դեկան է դարձել, եւ որ կարող էր նման գիրք գրել: Դա թերթ չէ, որ մարդիկ կարդան, պատմություն է, որը վաղը իմ աղջիկը պետք է անցնի համալսարնում: Նախաքննության ընթացքում վերցրել պատմություն են իրենց համար գրում, որը վերցնում են ոստիկանության քրոնիկայից, ուղղակի բառեր չեմ գտնում: Ի՞նչ իրավունք ունի Էդիկ Մինասյանն իր տեսակետը գրել դասագրքում, գրում է, թե երկուստեք հրաձգություն է եղել, դա՞ է իր կարծիքը, ինքը որեւէ ապացույց ունի՞»,- նշեց տիկին Ալլան:
Նրա խոսքով՝ 2 օրից ինքը հանդիպելու է մարտիմեկյան սպանդի մյուս զոհերի ծնողների հետ, որոնց ներկայացնելու է նաեւ այս դասագրքի հետ կապված պատմությունը: «Մենք պարտադիր պետք է պատասխան տանք: Թե ինչպես կարձագանքենք՝ դեռ չենք որոշել, բայց իմ անձնական կարծիքով՝ պետք է նույնիսկ դատի տանք»,- նշեց Ալլա Խաչատրյանը:
Տիկին Ալլայի խոսքով՝ Էդիկ Մինասյանի գրածն իրեն հիշեցնում է սովետական դասագրքերը, «որովհետեւ այն ժամանակվա պես խեղաթյուրված պատմություն են մատուցում»:
«Այս գրքով ուսանողները պատմություն են անցնում, չէ ՞: Վաղն իմ աղջիկը ինչի՞ պետք է գլուխը կախ ման գա համալսարանում՝ մտածելով, թե իր եղբայրը ջարդել ու փշրել է, կրակել է, եւ ոստիկանությունը ստիպված է եղել պատասխանել կրակոցներին, եւ իր եղբայրն այդ ընթացքում զոհվել է»,- հավելեց տիկին Ալլան:
‘