‘Մեծ Բրիտանիան վարակվել է «քյասիբության համախտանիշո՞վ» ‘

712

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի հարցերով նախկին նախարար Դենիս Մակշեյնը պետական միջոցներից ստացված 7,5 հազար ֆունտ ստեռլինգը ծախսել է Եվրոպայում կատարած ճամփորդությունների վրա՝ անվանելով այդ «հետազոտական աշխատանք» եւ «փորձագետների հետ հանդիպումներ»: Ճանապարհորդությունների ծախսերին զուգահեռ, Մակշեյնը պահանջել է իր համար բյուջեի փողերով իրեն ութ համակարգիչ հատկացնել այն դեպքու, երբ մինչ այդ նա արդեն 6 նոութբուք էր ստացել իր գրասենյակի համար:

Ըստ РИА-Новости-ի, բրիտանական պետբյուջեի հանդեպ նման վերաբերմունքի համար Մակշեյնը մեկ տարով զրկվել է պատգամավորական մանդատից: Լեյբորիստական կուսակցությունը նույնպես կասեցրել է նրա անդամությունը կուսակցությանը:  Կուսակցության ներկայացուցիչը ավելի ուշ հայտարարել է, որ իր այս արարքից հետո Մակշեյնի պատգամավորական կարիերան կուսակցության կազմում կարելի է ընդմիշտ ավարտված համարել:

Ներկայումս բրիտանական խորհրդարանում անհարկի ծախսերի հետ կապված սկանդալի արդյունքում վեց մարդ ազատազրկվել են:

Հետաքրքիր է, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում պետբյուջեի, նույնն է, թե՝ հասարակության սեփականության, հարկատուների վճարումներից ստացված միջոցների հաշվին կատարվող չարաշահումների շուրջ քննարկումներին գրեթե զուգահեռ նմանատիպ քննարկումներ են տեղի ունենում Հայաստանում: Համեմատության համար հարկ է հիշել իշխող Հանրապետականի կարկառուն դեմքերից մեկի՝ Գալուստ Սահակյանի պատասխանը ընդդիմության ներկայացուցիչների պնդումներին, թե պատգամավորների վրա կատարվող ծախսերը չափազանց ուռճացված են:

Օրերս, ի պատասխան «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի առաջարկության, թե էժան լինելու համար ԱԺ-ի Toyota Camry մեքենաները կարող են գազով լիցքավորել, Գալուստ Գրիգորիչն ասել է. «Քյասիբ մտածողությունը ծնում է քյասիբ պետություն: Մի պարագայում էլ ասում էին մեքենաների հարցը… մենք պիտի պատշաճ ներկայանանք նաեւ միջազգային հանրությանը եւ մեր միջազգային գործընկերներին»:  Մինչդեռ, հիշեցնենք,  «խեղճուկրակ» բրիտանացուն մանադատազուրկ են արել եւ նրա քաղաքական կարիերայի վրա խաչ են քաշել հենց միայն այն բանի համար, որ նա փորձում էր անհարկի տեղը իր եվրոպացի գործընկերներին «պատշաճ ձեւով ներկայանալ»:

Արժե նաեւ նշել, որ Գալուստ Սահակյանի տրամաբանությամբ՝ քյասիբ Մեծ Բրիտանիայի տարեկան բյուջեն 2012-ին կազմել է ԸՆԴԱՄԵՆԸ մոտ 151 600 000 000 (հարյուր հիսունմեկ միլիարդ վեց հարյուր միլիոն) ֆունտ ստեռլինգ կամ շուրջ  230 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ հայրենի Հայաստանի հանրապետության տարեկան պետբյուջեն լավագույն տարիներին հասնում է  մինչեւ 3 միլիարդ դոլարի:  

Կոպիտ հաշվարկով՝ 60 միլիոն բնակչություն ունեցող Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր քաղաքացուն ըստ այդմ բաժին է հասնում շուրջ 4000 դոլար, մինչդեռ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն, պատկերավոր ասած՝ բյուջեից բաժին է ընկնում մոտ 1000 դոլար:

Թե որտեղից է հարյուրամյակներով աշխարհակալ տերության համարում ունեցող Բրիտանիայի կառավարող դասը հանկարծ վարակվել քյասիբության համախտանիշով, հավանաբար միայն Գալուստ Գրիգորիչին ու իր պատրոններին է հայտնի:

 

Բիրդան Աղայան 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ն անհանգստացած է Տիբեթում ինքնասպանությունների թվի աճով’
Հաջորդ հոդվածը‘ԺՀԿ անդամ. ԲՀԿ-ի հարցը քննարկվել է օգոստոսին ‘