‘Մեսրոպ Հարությունյան. Ձայնագրության տարածումը խախտում է ԶԼՄ-ների մասին օրենքը ‘

1082

Լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը իր բլոգում անդրադարձել է ՀՀ Աժ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնի ձայնագրության տարածմանը՝ լրատվության միջոցներով, նշելով, որ այն ոչ միայն անընդունելի է լրագրողական էթիկայի տեսակետից (եթե, իհարկե, այն տարածողներն ընդունել են խաղի էթիկական կանոններ), այլեւ ուղղակիորեն խախտում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ՝ «Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները» հոդվածի պահանջը: ««Արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, եւ այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար եւ դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ, բացառությամբ, երբ տեսաձայնագրումը կատարած անձի տեսադաշտից դուրս լինելու կամ նրա համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաեւ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար»: Ակնհայտ է, որ երկու պատգամավորները զգուշացված չեն եղել ձայնագրության մասին, ակնհայտ է, որ նրանք ակնկալել են, թե գտնվում է ձայնագրությունը կատարողի տեսադաշտից դուրս, իսկ թե դրա համար ձեռնարկել են բավարար միջոցներ, թե ոչ արդեն կարեւոր չէ, քանի որ մեզ հայտնի չէ ձայնագրման վայրը. չէ՞ որ հնարավոր է նրանք սրճարանի առանձնացված հատվածում են եղել: Ինչ վերաբերում է հոդվածի երրորդ մասի բացառությանը, ապա չեմ կարծում, թե այդ զրույցը տարածվել է հանրային շահերի պաշտպանության նպատակով կամ որ հանրային շահն այստեղ գերակա է»,- գրել է Հարությունյանը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես Սերժ Սարգսյանը գաղտնալսեց Գորիկ Հակոբյանի մտքերը ‘
Հաջորդ հոդվածը‘Մադրիդում բժիշկների գործադուլի պատճառով հետաձգվել են հազարավոր վիրահատություններ ‘