‘Մերաբիշվիլի. Հայաստանի ուղին հակասում է Վրաստանի ազգային շահին’

787

«Հայաստանի ընտրած արտաքին քաղաքական կուրսը հակասում է Վրաստանի ազգային շահերին», — հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին: Ավելի վաղ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «սպիտակ նախանձով» է հետեւում, թե ինչպես  է Հայաստանը միաժամանակ լավ հարաբերություններ պահում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ, փոխանցում է Georgia Online-ը:

«Վրաց ժողովուրդը եւ Վրաստանն արդեն իրենց ընտրությունն արել են 2008-ի հանրահավաքի ժամանակ եւ արտահայտել են իրենց կարծիքը երկրի ապագա առաջնահերթությունների վերաբերյալ: Վրաց պետության շահերից է բխում անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ եվրոպական կառույցներին: Դա Վրաստանի փրկության միակ ճանապարհն է, նրա անկախության եւ անվտանգության երաշխիքը: Չնայած նրան, որ Հայաստանը մեր բարեկամ պետությունն է, ես հարգում եմ նրա ընտրած արտաքին կուրսը, այնուամենայնիվ, հայկական ուղին, նրա հարաբերությունները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ, ընդունելի չեն մեզ համար եւ չեն բխում Վրաստանի պետական շահից», — ասել է Մերաբիշվիլին:    

Վարչապետ Իվանիշվիլին, նշված հարցազրույցում, խոսելով Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ միաժամանակ լավ հարաբերություններ ունենալու հնարավորության մասին, մեջբերել էր Հայաստանի օրինակը, որը «հրաշալի հարաբերությունների մեջ է Ռուսաստանի, ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրների հետ»:

«Հետեւաբար, դա հնարավոր է, եւ, կարծում եմ, որ մենք կարող ենք, եւ պարտավոր ենք այդ ամենը համատեղել», — եզրակացրել է Իվանիշվիլին: 

Նախորդ հոդվածը‘«Այստեղ ենք, աղբարի՛կ». Բազմահազարանոց ցույց Ստամբուլում` Հրանտ Դինքի հիշատակին’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում առեւտրականների ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախման’