‘Մեր մեջ ասած` շատ խախուտ եւ խոցելի «անկախության խորհրդանիշ» եք ընտրել’

2584

Երբ նույն բանն օրական հարյուր անգամ կարդում եւ լսում ես, եւ երբ այդ բանն սկսում է ականջդ սղոցել եւ աչքերդ մղկտացնել կծու սոխի պես, սկսում ես մտածել բաներ, որ մինչ այդ չէիր մտածել: Օրինակ` երբեք չէի մտածել, թե ինչու են Պարույր Հայրիկյանին «անկախության խորհրդանիշ» ասում: Չնայած իմ երեւակայած, երազած ու պատկերացրած անկախության խորհրդանիշը երբեք Պարույր Հայրիկյանի կերպարանքով եւ բովանդակությամբ չի եղել, բայց միշտ մտածել եմ` դե՛ ասում են, թող ասեն, մարդը երկար տարիներ սովետի բանտերում փակված է եղել, մեզանից ինչ է գնում, այդքան շատ է ուզում, որ իրեն «անկախության խորհրդանիշ» ասեն, թող ասեն, դրանից մեր անկախությունը ոչ ավելանում է, ոչ էլ պակասում:

Պարույր Հայրիկյանի դեմ անհաջող եւ չափազանց տարօրինակ մահափորձից հետո իշխանական վերնախավի ու նրանց կատարածուների «Անկախության խորհրդանիշ Պարույր Հայրիկյան» շոուի ընթացքում մի համառ «ինչու» որտեղից որտեղ եկավ, ու որքան ցանկացա վռնդել այդ աներեսին, չհաջողվեց, եւ դրա մեղավորը ես չեմ, այլ վերջին օրերի էժանագին թութակները:

Բայց ինչու՞, ախր ինչու՞ է Պարույր Հայրիկյանը «անկախության խորհրդանիշ», ոչ թե, օրինակ… Ազգային միացյալ կուսակցությունը հիմնադրվել է 1966 թվականի ապրիլի 24-ին, հիմնադիրները երեքն էին`Հայկազ Խաչատրյան, Ստեփան Զատիկյան, Շահեն Հարությունյան: Դուրս եկեք փողոց եւ հարցրեք պատահական անցորդներին` ճանաչու՞մ են այս մարդկանց, հիշու՞մ են: Քանի՞սը գիտի այն մարդկանց անունները, ովքեր առաջինն են միմյանց ականջին փսփսացել «անկախություն» բառը: Եւ ինչու՞ հենց նրանք չդարձան անկախության խորհրդանիշները: Ինչու՞ անկախության խորհրդանիշ չդարձավ Աշոտ Նավասարդյանը, ինչու՞ անկախության խորհրդանիշ չէ Ռազմիկ Մարկոսյանը, ինչու՞ անկախության խորհրդանիշ չէ Վարդան Հարությունյանը, ինչու՞ անկախության խորհրդանիշ չէ Էդմոն Ավետյանը… Կամ ինչու՞ անկախության խորհրդանիշ չդարձավ Մովսես Գորգիսյանը, որն առաջինը Հայաստանում ծածանեց եռագույն դրոշը եւ նահատակվեց հանուն իր երազած անկախության: Ինչու՞ անկախության խորհրդանիշ չէ Հայաստանի անկախության համար պայքարի առաջին զոհը` Խաչիկ Զաքարյանը, որը 1988-ի հուլիսի 5-ին սպանվեց սովետական սպայի գնդակից: Բացի Խաչիկի համազգային հուղարկավորության մասնակիցներից, է՞լ ով է հիշում այդ 22-ամյա երիտասարդի անունը:

Հայաստանի անկախության համար պայքարողները, սովետական բանտերում իրենց պատանեկությունն ու երիտասարդությունը թաղած հայ այլախոհները քիչ չեն: Ինչու՞ այդ մարդիկ գրեթե մոռացվեցին, իսկ Պարույր Հայրիկյանի «աստղը» փայլում է մինչ օրս:

Ես մինչ օրս պահում եմ Պարույր Հայրիկյանի «Անկախություն» ինքնահրատ թերթերը, պահում եմ նաեւ Մովսես Գորգիսյանի «Հայրենիք» ամսագրերը: Եթե թերթեք ե՛ւ Հայրիկյանի թերթերը, ե՛ւ Գորգիսյանի ամսագրերը, երեւի կհասկանաք` ինչու: Հայրիկյանի թերթերի բոլոր համարները նվիրված են մեկ մարդու մեծարման, եւ այդ մեկ մարդը Հայրիկյանն է, իսկ Գորգիսյանի ամսագրերը նվիրված են անկախության համար բոլոր պայքարողներին: Իրեն հանած: Ի դեպ, Գորգիսյանը, չնայած «Ղարաբաղ» կոմիտեի ամենաբուռն ընդդիմախոսներից էր, բայց ի պաշտպանություն «Ղարաբաղ» կոմիտեի անդամների՝ ամսագիր հրատարակեց այն ժամանակ, երբ նրանք ռուսական բանտերում էին: Հանուն Հայաստանի անկախության:

Ինչու՞: Որովհետեւ Պարույր Հայրիկյանն ինքնասիրահարվա՞ծ է, որովհետեւ, ըստ Հայրիկյանի, աշխարհի ուղեծիրն ի՞նքն է, որովհետեւ Պարույր Հայրիկյանն իր մասին խոսում է երրորդ դեմքո՞վ: Իսկ գուցե Հայաստանի անկախության տարիների ընթացքում Հայրիկյանի որդեգրած կեցվածքն է՞լ հիշենք: Հայաստանում քանի՞ մարդ կգտնեք, որն իր սեփական կենսագրությունը նույնքան անգթորեն աղճատած լինի, որքան ինքը` Հայրիկյանը: Եթե բոլորս մի պահ մոռանանք, որ այս մարդը սովետի տարիներին բանտ է նստել հանուն ազատության, եւ նրա կենսագրությունը դիտարկենք այդ տարիներից անջատ, ինչո՞վ է տարբերվում Հայրիկյանը ներկա իշխանության սազանդարներից: «Անկախության խորհրդանիշը» ի՞նչ չափանիշներով դարձավ Ստեփանակերտի մետաքսի կոմբինատի նախկին պարտկոմի խորհրդականը: Այդ պարտկոմի ղեկավարության տարիներին Հայաստանում սանձազերծված քաղաքական սպանություններից հետո որեւէ մեկը լսե՞ց Պարույր Հայրիկյանի` իշխանություններին դատապարտող ձայնը: Որտե՞ղ պետք է լիներ Մարտի 1-ին «անկախության խորհրդանիշը»: Ի՞նչ պետք է ասեր այդ ահավոր սպանդից հետո: Ինչու՞ է այս տարօրինակ «խորհրդանիշը» հիշում միայն անկախության առաջին տարիների սպանությունները, երբ ե՛ւ պատերազմ էր, ե՛ւ մեր պետությունն էլ նոր-նոր էր դողդոջ քայլերով կազմավորվում:

Եւ ամենակարեւորը` այս ի՞նչ անհեթեթություն է՝ «անկախության խորհրդանիշ» հռչակել ինչ-որ մեկին, եթե նույնիսկ այդ ինչ-որ մեկը «անզուգական» Պարույր Հայրիկյանն է: Հայաստանի Հանրապետությունը երեք անկախության խորհրդանիշ ունի` դրոշ, զինանշան եւ օրհներգ:

Վերջ տվեք այս խեղկատակությանը:

Լիզա Ճաղարյան  

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Լեւանդովսկին կտեղափոխվի «Բավարիա»’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանի կարծիքով՝ ոստիկանությունը բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները’