‘Մեքսիկական Մեռելոց. Ամբողջ երկիրը լցված է ուրախությամբ և դրական լիցքերով ‘

1143

Հոկտեմբերի վերջի և նոյեմբերի սկզբի համար ավանդական ուրախության և անհոգ տոնի մթնոլորտը եկել է Մեքսիկա՝ երկիրը նշում է Մեռյալների օրը:

Չնայած տոնի անվանը, գունազարդված և կենդանացած դիակների կերպարանքով հազարավոր մարդկանցից բացի` չարագուշակ ոչինչ չկա: Տոնակատարության արմատները տանում են նախաիսպանական շրջան, երբ ացտեկները հիշատակում էին մահացածներին, իսկ տոնակատարության գլխավոր կերպարը Պարոն Մահացածն էր: Տոնը ընկնում էր հուլիս-օգոստոս ամիսներին, սակայն Մեքսիկան գրավելուց հետո, իսպանացի հոգևորականները որոշեցին տոնը տեղափոխել նոյեմբերի սկիզբ՝ Բոլոր Սրբերի օրը: Նրանց չհաջողվեց վերացնել տոնի հեթանոսական հիմքերը, սակայն ժամանակակից Մեքսիկայում այս տոնը՝ ավանդույթների և սովորական զվարճանքի մի աներևակայելի խառնուրդի է վերածվել: 

Մայրաքաղաք Մեխիկոյի՝ տոնակատարությանը պատրաստ լինելու մասին հանդիսավոր հայտարարել է քաղաքապետ Միգել Անխել Մանսերան: Սոկալո քաղաքային կենտրոնական հրապարակում տեղադրված են ահռելի մեծության գանգեր և անդրշիրիմյան թեմատիկայի այլ պարագաներ: «Դրանք նվիրված են բոլոր մեր սիրելի մարդկանց, ովքեր, ցավոք սրտի, արդեն մեզ հետ չեն»,- ասել է Մանսերան:

Նոյեմբերի 1-ին մեքսիկացիները հիշում են հանգուցյալ երեխաներին, իսկ նոյեմբերի 2-ին՝ մեծահասակներին: Այդ օրերին ընդունված է այցելել գերեզմաններ, թեև, անգամ այդ տխուր արարողությունը մեքսիկացիների մոտ լցված է ուրախությամբ և դրական լիցքերով: Համարվում է, որ այդ օրերին` իրենց հանգուցյալներին պետք է հնարավորինս շատ ուրախություն պատճառել: Հենց այդ պատճառով էլ գերեզմանները զարդարվում են՝ մեքսիկական ծագում ունեցող թավշյա ծաղկի տերևներով:

Այս տարի Մեխիկոյի տուրիզմի նախարարության հաշվարկներով, Մեռյալների օրը (իսկ տոնակատարությունը տևելու է մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ) քաղաք կայցելի գրեթե 100 հազար զբոսաշրջիկ, որոնք բյուջեն կհամալրեն ավելի քան 34 միլիոն դոլարով: Մեքսիկայի մայրաքաղաքի բոլոր 118 գերեզմանատները պատրաստ են այցելուների զանգվածային հոսքին, իսկ, ինչպես նշում են նախարարությունում, նրանց թիվը 370 հազարից պակաս չի լինի:

Մեռյալների օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է մարդկության ոչ նյութական  մշակութային ժառանգություն, և այս տոնը մեքսիկական մշակույթի ամենավառ ավանդույթներից մեկն է: Մեքսիկայից բացի, այս տոնը նշում են Պերուում, Գվատեմալայում, Հոնդուրասում և Սալվադորում:

Նախորդ հոդվածը‘Արշակ Բանուչյան. Բոլոր նպաստավոր պայմանները կան իշխանափոխության համար ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Ընդդիմության պահանջների հստակությունը «չտեսնելը» քաղաքական ցինիզմ է ‘