‘Արշակ Բանուչյան. Բոլոր նպաստավոր պայմանները կան իշխանափոխության համար ‘

184891

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արշակ Բանուչյանը

-Պարոն Բանուչյան, Քառյակն արդեն երկու մեծ հանրահավաք է անցկացրել: Ի՞նչ տպավորություններ ունեք հոկտեմբերի 24-ի ընդդիմադիր հանրահավաքից:

-Մարդաշատ, հեռու ավելորդ զգացմունքայնությունից։ Ավելի շուտ` քաղաքական հաշվարկների տիրույթում։ Հոկտեմբերի 24-ի հանրահավաքն իրականում հոկտեմբերի 10–ին սկիզբ առած համաժողովրդական նոր շարժման հերթական ալիքն էր։ Այս փուլի համար, կարծում եմ, այն քաղաքական ուղեգծի հստակեցման և կազմակերպչական խնդիրներ լուծեց։ Նախ՝ հանրահավաքի մասնակիցները շարժման ղեկավարությանը տվեցին որոշակի կազմակերպչական լիազորություններ, իրավունք` որոշելու իշխանափոխության ժամանակացույցը, գործընթացների ընթացքն ու արագությունը։ Շարժմանը կառուցվածքային ձև հաղորդվեց, հայտարարվեց մարզային կառույցներ ստեղծելու մասին։ Բոլորս էլ գիտենք, որ հանրահավաքի թե՛ կազմակերպիչները, թե՛ մասնակիցները և թե մեր ողջ ժողովուրդն արագ իշխանափոխության կողմնակից են։ Բայց գերակշիռ մեծամասնությունը նաև հասկանում է, որ արագ իշխանափոխությունն առանց քաղաքական հաշվարկների` հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Մենք սխալվելու իրավունք չունենք։ Մենք` բոլորս, մեր կեցվածքով ու գործունեությամբ շարժմանը թե՛ արագություն հաղորդողն ենք, և թե սահմանադրական ուղիով իշխանափոխության հարմար պահը մոտեցնողը։ Այնպես որ, շուտափույթ իշխանափոխությունը ոչ միայն կախված է շարժման ղեկավարությունից, այլ նաև ժողովրդի ակտիվությունից։

-Ընդդիմությունն իր առջև իշխանափոխության խնդիր է դրել: Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է գնալ իշխանափոխության:

-Մի՞թե դեռ կարիք կա հիմնավորելու իշխանափոխության անհրաժեշտությունը: Մի՞թե իշխանությունը բռնազավթած ռեժիմի գործունեությունը, ձախողված  արտաքին քաղաքականությունը, տնտեսության փլուզումը, մենաշնորները, կաշառակերությունը, արդարադատության համակարգի իսպառ բացակայությունը և որպես հետևանք` արտագաղթը, հիմքեր չեն իշխանափոխություն իրականացնելու համար։

-Ո՞րն է իշխանափոխության այլընտրանքը:

-Պարզ է չէ՞, որ իշխանափոխությանն այլընտրանք չկա։ Ժողովրդի թիկունքում, սեփական իշխանությունն ամրապնդելու համար պետական շահը աճուրդի հանած իշխանությունը ոչ մի հենարան չունի երկրում, բացի իր հանցագործություններին մասնակից հանցավոր տարրերից։ Ռեժիմն իր գոյությունը երկարաձգում է միայն պետական շահի հաշվին։ Պետության կառավարման լծակներն օգտագործելով սեփական ժողովրդին ահաբեկելու ու թալանելու հաշվին։ Այսպիսի իշխանությունների կյանքը սպառվում է կամ պետությունը կործանելով, կամ ժողովրդի ճնշմամբ նրանց հեռացնելու ճանապարհով։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ և որպես քաղաքակիրթ ազգ աշխարհում մեր տեղն ունենալ, մեր երկիրը զարգացման սահմանադրական ուղի վերադարձնել, ապա պետք է օր առաջ երկիրն ազատենք ավազակապետական ռեժիմի ճիրաններից։

-Ձեր կարծիքով, իշխանափոխություն` հերթակա՞ն, թե արտահերթ ընտրությունների միջոցով:

-Անշուշտ, որքան շուտ լինի իշխանափոխությունը, այնքան լավ։ Եվ իհարկե, միշտ նախընտրելի են արտահերթ ընտրությունները։ Արտահերթ ընտրությունները քաղաքական իրադրության այնպիսի վիճակ են ստեղծում, երբ շահեկան իրավիճակում է հայտնվում ժողովուրդը, ոչ թե ընտրական գործընթացները վերահսկող իշխանությունը։ Իշխանափոխություն, նախ, նշանակում է կառավարման համակարգի փոփոխություն։ Իսկ կառավարման համակարգի փոփոխությունն այս պահին ենթադրում է ընտրական օրենսգրքի փոփոխություն, ընտրությունների վերահսկման լծակների հանձնում հասարակությանը, ընդդիմությանը։

Արտահերթ, թե հերթական ընտրություններ՝ որոշողը ժողովուրդն է։ Քայլերի հաջորդականությունն ու արագությունն, անշուշտ, քաղաքական ուժերն են որոշում։ Բայց այդ որոշումները կայացվում են ժողովրդի մասնակցությունը, վճռականությունն ու ակտիվությունը հաշվի առնելով։ Ուրեմն, որքան շատ մարդ հավաքվի հաջորդ հանրահավաքին Ազատության հրապարակում, այնքան արտահերթ ընտրությունների հնարավորությունն ավելի իրական կդառնա։ Փոխադարձ վստահությունը ժողովրդի և համաժողովրդական շարժման ղեկավարության միջև` միակ արդյունավետ ճանապարհն է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության և ի վերջո` կառավարման օրինական, սահմանադրական կարգի վերականգնման։

Այն քաղաքական ուժը, որ չի վստահում սեփական ժողովրդին և չունի ժողովրդի վստահության քվեն, երկիրը միայն արկածախնդրության, կործանման կարող է տանել։ Ժողովուրդն է պետության հենարանը։ Ժողովուրդն ինքը պետությունն է։ Իսկ սահմանադրությունը ժողովուրդ–պետություն միասնության հիմքն է, գրավականը, համաձայնագիրը, որով որևէ ժողովուրդ ինքնուրույն իր կյանքը կազմակերպելու հայտ է ներկայացնում աշխարհին։

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք ընդդիմությանը՝ իշխանափոխության հասնելու համար:

-Կարելի է նաև հարցնել` ի՞նչ է պետք ժողովրդին իշխանափոխության հասնելու համար։ Երկու դեպքում էլ պատասխանը մեկն է՝ համաժողովրդական ընդվզում և հարմար պահ, երբ իշխանափոխությունը թե՛ ներքին մեծ ցնցումներ չի առաջացնի, և թե` արտաքին վտանգները չեզոքացված կլինեն։ Այսօր՝ ինչպես տեսնում ենք, կայացած և կայացող փաստ է համաժողովրդական ընդվզումը։ Իսկ պահն առավել քան բարենպաստ է։ Իշխանությունները կորցրել են իրենց աջակցությունը դրսում և ի վիճակի չեն արտաքին լծակներ օգտագործելով` ճնշել համաժողովրդական շարժումը։ Նրա ներքին ռեսուրսները ևս սպառված են։ Ռեժիմն իրականում մեկուսացած վիճակում է։ Կարծում եմ՝ բոլոր նպաստավոր պայմանները կան իշխանափոխության համար։ Իսկ ռեժիմին հրաժարական պարտադրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահը հասունացել է, թե` ոչ, կորոշի շարժման ղեկավարությունը հաջորդ հանրահավաքին, ժողովրդի հետ միասին։ 

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Նոյեմբերի 3-ի գիշերը Երևանում հնարավոր է թաց ձյուն’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկական Մեռելոց. Ամբողջ երկիրը լցված է ուրախությամբ և դրական լիցքերով ‘