‘ՄԻԵԴ-ի մեղադրական վճիռների թվով առաջատարը Ռուսաստանն է’

1004

2012 թ. Ռուսաստանն առաջինն է այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ամենամեծ թվով մեղադրական վճիռներ է կայացրել, հաղորդում է lenta.ru-ն: Վիճակագրական տվյալները հրապարակվել են երեկ կայացած մամլո ասուլիսում: Ռուսաստանի նկատմամբ կայացվել է 122 դատավճիռ: Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 117 դատավճռով, երրորդը Ռումինիան է՝ 70, նրան հաջորդում է Ուկրաինան՝ 69, և ռեկորդակիրների հնգյակը եզրափակում է Բուլղարիան՝ 58 դատավճռով:

2012 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ քննության ընթացքում գտնվող գործերի թվով (22,3 տոկոս) նույնպես Ռուսաստանն առաջին տեղում է, Թուրքիան այս ցանկում դարձյալ երկրորդն է (13,2 տոկոս): Նրան հետևում են Իտալիան (11,1 տոկոս) և Ուկրաինան (8,2 տոկոս):

Ի դեպ, 2012 թ. սկզբին ՄԻԵԴ-ի քննությանը ներկայացված հայտերի թիվը եղել է 150 հազար, իսկ տարեվերջին դրանցից մնացել է 128 հազարը: Այս արդյունքը Ստրասբուրգում համարում են շատ հաջող, որին հնարավոր է եղել հասնել աշխատանքի մեթոդների բարելավման շնորհիվ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստեղծվել է 1959 թ. Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների կողմից, 1950 թ. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների դեմ պայքարելու նպատակով: Ռուսաստանն այդ դատարանի իրավասության տակ է 1998 թվականից:

Նախորդ հոդվածը‘Համացանցում հայտնվել է «Ջոբս» կինոնկարի առաջին տեսահոլովակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ազատ դեմոկրատները» թեկնածուներից որևէ մեկին չեն սատարելու’