‘Միլիոնատեր Զախարյանը խորհուրդ է տալիս մի կերպ մուծել լույսի փողը. Տվյալներ ‘

2920

Այսօր կառավարության նիստից հետո ուշագրավ  դեպք է տեղի ունեցել: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ երբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փորձում էր հնարավորինս  արագ հեռանալ, ՀՀ կառավարության շենքի մոտ կանգնած քաղաքացիներից մեկը մոտեցել է նրան եւ հարցրել, թե վաղվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, եւ ինչպե՞ս է ինքը վճարելու: Քաղաքացու հարցին Երվանդ Զախարյանը  ժպտալով պատասխանել է.«Մի կերպ պիտի մուծեք»: 

Եւ այսպես, Զախարյանը քաղաքացուն խորհուրդ է տալիս «ՄԻ ԿԵՐՊ» մուծել անընդհատ թանկացող էլեկտրաէներգիայի գումարը, եւ դա ասում է «ձեռի հետ»:

Տե՛ղ ունի մարդը նման թեթեւությամբ այս հարցին նայելու: Ինքն այդ բեռը հո չի՞ զգում: Զախարյանների տոհմն այնքան գումար ունի, որ՝ մի դրամ էս կողմ, մի դրամ էն կողմ՝ չեն էլ զգում: Ընդ որում՝ դեռ պետք է պարզել, թե ինչպես է իրար հետեւից պետական պաշտոններ զբաղեցրած անձը, անգամ պաշտոնական տվյալներով, այդքան հարստություն կուտակել: Իսկ թե քաղաքացիներն ինչպե՞ս պիտի վճարեն չհիմնավորված թանկ լույսի եւ գազի համար՝ Զախարյանի ու նրա նմանների վեջը չէ: Իրենք ամեն անգամ բարձրացնում են գները, որովհետեւ դա է իրենց եկամտի իրական աղբյուրը. հո աշխատավարձով չե՞ն ապրի՝ ժողովրդի նման, եւ ՄԻ ԿԵՐՊ մուծեն լույսի կամ գազի փողը:

Սա արդեն սովարական իրավիճակ է, երբ հանցագործներն ու թալանչիները հայտնվում են իշխանության ղեկին, եւ երբ թալանը հասնում է անկշտության աստիճանի, երբ իշխանավորների մոտ տոտալ ֆինանսական բուլիմիա է նշմարվում (հիվանդություն, որի դեպքում մարդը հագեցվածության զգացում չի ունենում եւ անընդհատ սովի զգացում է ապրում)՝ բանը հասնում է արդեն ահա  այսպիսի բացահայտ ցինիզմի:

Դե, հիմա Զախարյանի ձայնը դեռ տաք տեղից է գալիս, այդ պատճառով էլ ցինիկ տոնով մարդկանց վերևից խորհուրդ է տալիս մի կերպ կատարել մուծումները: Իսկ, ահա, հետաքրքիր է, թե ինչպես են նույն Զախարյանն ու նրա թիմակիցները՝ Սերժ Սարգսյանի իշխանության եւ էս ամբողջ ամենաթողության տապալումից հետո ՄԻ ԿԵՐՊ փորձելու ճողոպրել համբերությունը սպառած մարդկանց ձեռքից: Ու այն ժամանակ հազիվ թե դատարանները կարողանան սրանց բոլորին փրկել մարդկանց ինքնադատաստաններից:

Իսկ հիմա տեսնենք, թե այդ ինչի հաշվին է Երվանդ Զախարյանն այսպես մեծ-մեծ խոսում: Գիտենք՝ բյուջեն (այսինքն՝ մեր փողերը) թալանած պաշտոնյաներն իրենց ունեցվածքը չեն հայտարարագրում, կամ հայտարարագրում են միայն դրա չնչին մասը: Բայց այն էլ, ինչ հայտարարագրում են, արդեն իսկ հարցեր է առաջացնում. որտեղի՞ց նրանց այդ գումարները:

Երվանդ Զախարյանի անունով ունեցվածքը

Մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց LEXUS LS 460՝ գնել է 7,200,000.00 դրամով, ունի 29,800,000.00 դրամ բանկում: Ընդ որում՝ տարեկան աշխատավարձն ընդհանուր առմամբ կազմում է միայն  5,780,411.00 դրամ:

Կինը՝ Զինա Զախարյանը, ոչ մի տեղ չի աշխատում, սակայն բանկում 21,000,000 դրամ փող ունի: Իսկ դուք չէի՞ք ցանկանա ոչ մի տեղ չաշխատել, բայց բանկում այդքան գումար ունենալ:  

Մի առանձին ուշադրության արժանի «կերպար» է Զախարյանի որդին՝ Արտակ Զախարյանը: Պարզվում է՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զախարյանը Հայաստանի ամենահարուստ դատավորն է: Անցած տարվա տվյալներով՝ Երվանդ Զախարյանի որդին՝ դատավոր Արտակ Զախարյանը, 29,986,000.00 դրամով գնել է VOLKSWAGEN TOUAREG 3.6 մեքենա, 17,780,000.00 դրամով վաճառել է իր մի քիչ ավելի հին՝ VOLKSWAGEN TOUAREG 4.2-ը: Բայց սրանք դեռ ծաղիկներն են: Երիտասարդ դատավոր  Զախարյանը բանկում ունի ավելի քան կես միլիարդ դրամ, 200 հազար դոլար եւ 200 հազար եվրո: Եւ սա՝ այն դեպքում, երբ սույն դատավորի տարեկան աշխատավարձն ընդամենը 4,680,974.00 դրամ է:

Երվանդ Զախարյանի հարսը, այսինքն՝ դատավոր Զախարյանի կինը՝ Իվետա Իվանյանը, սկեսրոջ պես՝ ոչ մի տեղ չի աշխատում, բայց հասցրել է բանկում 34 հազար դոլար կուտակել:  

Երվանդ Զախարյանի դուստրը՝ Գայանե Զախարյանը, եւս ուշադրության արժանի պերսոնաժ է: Նրա անունը վերջին շրջանում սկսեց շրջանառվել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական  կենտրոնի հետ կապված, երբ վերջինս իսկական կադրային ջարդ էր իրականացնում այդ հիվանդանոցում: Բանն այն է, որ 2012 թվականին Երևանի ավագանին  միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  կողմից  ներկայացված` ««Քանաքեռ-Զեյթուն» բժշկական  կենտրոն» փակ բաժնետիրական  ընկերության  բաժնետոմսերի հավատարմագրային  կառավարման  պայմանագիր  կնքելու  և  ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին: Հակիրճ ասած՝ բժշկական կենտրոնը հանձնել են
«Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ին, որը պատկանում է Երվանդ Զախարյանի դստերը՝ Գայանե Զախարյանին: 

Զախարյանի՝ պետական համակարգում աշխատող այլ բարեկամների թվում է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության մշակման բաժնի գլխավոր մասնագետ Ռոզա Զախարյանը. նա Երվանդ Զախարյանի եղբոր դուստրն է:

Նշենք, որ Զախարյանն ունի մեկ որդի եւ երկու դուստր: Մյուս դստեր գործունեության մասին պաշտոնական տեղեկություններ չկան: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» + «Ռեալ». Երազանքների թիմը’
Հաջորդ հոդվածը‘Ջերարդ. «Ես Սուրաեսին ասացի, որ ինքը չափից դուրս լավն է «Արսենալի» համար»’