‘Մինասի «Հայաստան» որմնանկարի վերականգնումը կավարտվի 2014 թվականին’

682

Մինասի «Հայաստան» որմնանկարի վերականգնումը կավարտվի 2014 թվականին, ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է նկարչի որդին` «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանը:

Որմնանկարի վերականգնման համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է շուրջ 22 մլն դրամ: Վերականգնման աշխատանքները, ինչպես հաղորդել է Արման Ավետիսյանը, սկսվել էին 2013 թվականի դեկտեմբերին և կշարունակվեն հունվարի վերջից: Նրա ասելով, «Հայաստանը» լիովին կվերականգնվի մինչև մայիսի վերջը: Որմնանկարի վերականգնումն իրականացնում են Ֆլորենցիայի «Պալացո Սպինելի» արվեստի և վերականգնման ինստիտուտի մասնագետները` «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի աջակցությամբ:

Որմնանկարը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում: Նկարիչն այն նկարել է 1973 թվականին` Մշակույթի պալատի պատին: 1988 թվականի երկրաշարժից հետո շենքը, գործնականում, լիովին ավերվել էր, իսկ հրաշքով պահպանված որմնանկարն ավելի ուշ  տեղավորվել է, այսպես կոչված, «սարկոֆագում»: Այժմ «Հայաստանը»  Վահրամաբերդ գյուղի նոր Մշակույթի տան ներսում է, որը, ի դեպ, կառուցվել է ուղղակի որմնանկարի վրա: Այնտեղ, փաստորեն, մեկ տարի գործում են, մասնավորապես, պարի խմբակ, գրադարան և մարզական խմբակ:

2009 թվականին  պետբյուջեի միջոցներով վերականգնվել է Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը, որն այնուհետև տեղափոխվել է Ջաջուռ` Մինասի տուն-թանգարան: 2010 թվականի նոյեմբերին վերականգնվել են Մինասի «Հանդիպում»  և «Խաչքարի մոտ» որմնանկարները, որոնք զարդարել են Հայաստանի կառավարության շենքի դահլիճներից մեկը: 2011 թվականին հաջողությամբ ավարտվել են Մինասի «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարների վերականգնման աշխատանքները:

Նախորդ հոդվածը‘Գավառի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական դիվերսիոն խմբի հետ մարտում հայ զինվոր է մահացել. ԼՂՀ ՊՆ’