‘Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարը հայտնվել է ֆինանսական խնդիրների ճիրաններում’

991

Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնմանն առնչվող ֆինանսական հարցերն առաջվա պես մնում են չլուծված: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է նկարչի որդին` «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ավետիսյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ պայմանագիր էր կնքվել որմնանկարի վերականգնման շուրջ, որի համաձայն, քաղաքապետարանը պարտավորվում էր իր վրա վերցնել այնպիսի ծախսեր, ինչպես` տրանսպորտի, վերականգնողների հյուրանոցային ծախսերը և այլն: Սակայն արդյունքում, բյուրոկրատական քաշքշուկի պատճառով այդ ծախսերի մի մասը ստիպված էր մարել հենց հիմնադրամը, իսկ «Հայկական հովվերգության» վերականգնմամբ զբաղվող իտալական կողմի հանդեպ կուտակվել է 18 մլն դրամ պարտք:

Ավետիսյանի ասելով, այժմ Գյումրիի քաղաքապետարանը հրաժարվում է մարել կուտակված պարտքը: Քաղաքային խորհրդի վերջին որոշման համաձայն, հատկացվել է ընդամենը 3 մլն դրամ: «Ստեղծվել է շատ անհարմար իրավիճակ, չէ որ մենք Մինասի որմնանկարների վերականգման առնչությամբ իտալացիների հետ համագործակցում ենք արդեն 6 տարի», — նկատել է Ավետիսյանը:

«Հայկական հովվերգությունը» բաղկացած է երկու մասից, որոնց ընդհանուր երկարությունը 25 մ է: Սպիտակի երկրաշարժի ժամանակ որմնանկարի 6 մետրանոց հատվածը կոտրվել էր, սակայն մասերը հաջողվել էր պահպանել: Որմնանկարի վերականգնման գործում ներգրավվել են Ֆլորենցիայի «Պալացո Սպինելի» արվեստի և վերականգնման ինստիտուտի մասնագետները:

Նախորդ հոդվածը‘Անցյալ շաբաթվա հինգ ամենաանհեթեթ լուրերը՝ ըստ Интерфакс-ի’
Հաջորդ հոդվածը‘Սիրիահայերին ծեծի ենթարկելու համար յոթ հոգու մեղադրանք է առաջադրվել’