‘
Ես այս ընտրատարածքի բնակիչ եմ, ընտրարշավի ժամանակ դեռ խոչընդոտների չեմ հանդիպել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցի համակարգող Մուրադ Գրիգորյանը:
Նշենք, որ Գյումրին և հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել էին Մուրադ Գրիգորյանը, Արման Սահակյանը, որին սատարում է Հանրապետական կուսակցությունը, և ինքնառաջադրված Արման Խաչատրյանը, որը մինչև գրանցման վերջնաժամկետն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
Մուրադ Գրիգորյանն ասաց, որ Խաչատրյանի ինքնաբացարկի պատճառն իրեն հայտնի չէ: Նրա խոսքով՝ դա իրենց առանձնապես չի վերաբերում և մտահոգում. իրենք իրենց ընտրարշավն են կազմակերպում:
Խոսելով իր հանրապետական մրցակցի մասին՝ Մուրադ Գրիգորյանը նշեց, որ նա վարչական ռեսուրս է աշխատեցնելու, և հենց նման ահազանգ լինի, իրենք շատ արագ արձագանքելու են:
«Թիրախ կոնտինգենտին են ներգրավելու՝ համայնքապետեր, հիմնարկների աշխատողներ, մանկավարժներ: Փորձելու են այդ կոնտինգենտին հերթական անգամ լծել իրենց քարոզարշավին, գուցե նաև՝ ընտրակեղծիքների հերթական մեխանիզմին»:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ նշանակված են դեկտեմբերի 2-ին: Դրա անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ:
‘