‘
Համայնքապետերին զգուշացնում են, որ իմ հանդիպումներին ներկա չգտնվեն, Հանրապետական կուսակցության գրասենյակում համայնքապետերին ու դպրոցների տնօրեններին հրահանգում են իշխանական թեկնածուի օգտին ամեն գնով քվեներ ապահովել՝ օգտագործելով վարչական բոլոր լծակները: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Գյումրին ու հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ պատգամավորության թեկնածու Մուրադ Գրիգորյանը:
«Հրավիրել են իրենց մոտ ոստիկանության սպաների, բնականաբար` համապատասխան հրահանգավորմամբ: Մի խոսքով՝ իրենց ամբողջ ընտրարշավը գնում է վարչական ռեսուրսի օգտագործման հիման վրա»,- նշեց Գրիգորյանը:
Մեր այն հարցին, թե այս խախտումների վերաբերյալ դիմե՞լ են համապատասխան մարմիններին, Գրիգորյանն ասաց, որ իր թվարկած մարմինները հենց այն մարմիններն են, որոնք կոչված են, որ նման խատումների դեպքում դիմեն իրենց:
«Ո՞ւմ դիմենք, իրենց դիմենք իրենց խախտումների դե՞մ: Դիմենք, թե ոստիկանության սպաներն ինչ գործ ունեն մարզպետարանի կրթության վարչությունո՞ւմ»:
Ըստ Մուրադ Գրիգորյանի՝ այս ընտրախախտումների դեմ պայքարելու են իրենց ունեցած մարդկային, լրատվական ռեսուրսներով:
«Պայքարելու ամենաարդյունավետ ձևը համարում ենք անմիջական շփումները ժողովրդի հետ, շարքային ընտրողների հետ՝ բացատրելով, հորդորելով, որ չվախենան այս ողորմելի իշխանություններից»,- նշեց ՀԱԿ թեկնածուն:
Նշենք, որ այս ընտրատարածքում, բացի Մուրադ Գրիգորյանից, առաջադրվել է նաև Արման Սահակյանը, որին սատարում է Հանրապետական կուսակցությունը: Լրացուցիչ ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 2-ին: Դրա անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ:
‘