‘Մուրսիի կողմնակիցները երթ են կազմակերպել դեպի ռազմական հետախուզության կենտրոնակայան’

797

Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցները երկուշաբթի գիշերը երթ են կազմակերպել դեպի ռազմական հետախուզության՝ Կահիրեում գտնվող կենտրոնակայան, հաղորդում է Reuters-ը: Եգիպտոսի բանակի հրամանատարության ներկայացուցիչները հայտարարել են, թե իրենց հայտնի է «Մուսուլման եղբայրների» կազմակերպած երթի մասին, և ակցիայի մասնակիցներից պահանջել են «չմոտենալ առհասարակ ռազմական օբյեկտներին և մասնավորապես՝ ռազմական հետախուզության կենտրոնակայանին»:

«Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Մուրսիի կողմնակիցների երթն սկսվել է Կահիրեի Ռաբիա ալ-Ադավիա մզկիթի մոտից, որտեղ հուլիսի 27-ին ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների ընդհարման արդյունքում զոհվել էր առնվազն 72 մարդ:

Իշխանությունից Մուրսիին հեռացնելուց հետո Եգիպտոսում չեն դադարում բախումները նախկին նախագահի կողմնակիցների և հակառակորդների, ինչպես նաև՝ ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վրացի ֆեմինիստուհիները իրազեկում են կուսության դեմ ակցիայի մասին’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը հրաժեշտ է տվել Բրազիլիային’