‘ Նաիրա Զոհրաբյան. Մինսկի խումբը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին զսպելու համար’

1057

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին զսպելու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ադրբեջանական կողմի ակտիվությունն Արցախի հետ շփման գծում: 

Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների սկման կոչ էր, ագրեսիայի բացահայտ դրսևորում, որին ԵԱՀԿ Մինսկի խումբը համարժեք չի արձագանքել, ինչի արդյունքում Բաքուն «իրավիճակի տեր» է զգացել իրեն:

Զոհրաբյանը նշել է, որ ադրբեջանական դիվերսիաները և հայկական դիրքերի գնդակոծությունները պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից լուրջ գործողությունների առիթ հանդիսանան: «Այս իրավիճակը մտահոգում է բոլորին, սակայն զարմանալի է ԵԱՀԿ ՄԽ իներտությունը, որը առաջին հերթին պետք է արձագանքի և զսպի Բաքվին»,- հայտարարել է պատգամավորը: Նա նաև ավելացրել է, որ մտոհոգիչ փաստերն են նաև Ադրբեջանի ռազմական բյուջեի աճող ծավալները և Բաքու-Մոսկվա զենքի վաճառքի պարբերական գործարքները: «Բոլոր այս գործողությունները պետք է համարժեք գնահատականի արժանանան միջնորդների և միջազգային հանրության կողմից»,- ընդգծել է նա:

Հայկական կողմերի գործողությունների առնչությամբ Զոհրաբյանն ընդգծել է, որ ադրբեջանցի դիվերսանտների ներթափանցումը  ցույց է տալիս, որ որոշ անձինք իրենց տեղում չեն գտնվել: «Դիվերսիան և հայկական կողմի կորուստները վկայում են, որ որոշ պատասխանատու պաշտոնյաները պետք է պատժվեն անփութության համար»,- ասել է նա:

Նշենք, որ վերջին շրջանում մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցվախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարավաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: Կորուստներ է կրել նաև հայկական կողմը:

Նախորդ հոդվածը‘«Ոսկե Ծիրան» 11-ի մրցութային ծրագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայի հավաքականի երկրպագուները Բուենոս-Այրեսում անկարգություններ են կազմակերպել’