‘Նալբանդյան — Մամեդյարով հաջորդ հանդիպումը` 2013-ի սկզբին’

969

Երեկ Դուբլինում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ-ի անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Դուբլինում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ էր։ Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Եռանախագահների առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվել են ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի 19-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը, դեկտեմբերի երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:

Էդվարդ Նալբանդյանի դուբլինյան օրակարգը հագեցած էր նաև երկկողմ հանդիպումներով:

Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, Հայաստան — ԵԱՀԿ համագործակցության, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի գործունեության և նրա կողմից իրականացվող ծրագրերի շուրջ:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպմանը անդրադարձ է արվել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի Հայաստան կատարած այցելության արդյունքներին, Հայաստան — ԵՄ համագործակցությանը։ Լեֆորը վերահաստատել է Եվրամիության պատրաստակամությունը` աջակցելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը:

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորիի հետ հանդիպման ժամանակ տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային անվտանգության, ԵԱՀԿ-ի անդամ պետությունների միջև գործակցությունը խթանելուն ուղղված խորհրդարանական դիվանագիտության դերի, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ։ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների քննարկումների համատեքստում Ռիկարդո Միլիորին տեղեկացրել է, որ նպատակադրված է անձամբ գլխավորել ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իռլանդիայի մայրաքաղաքում հանդիպումներ է ունեցել նաև Իսպանիայի արտգործնախարար Խոսե Գարսիա-Մարգալյոյի, Իտալիայի պատվիրակության ղեկավար, արտգործնախարարի տեղակալ Մարտա Դասուի, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերի հետ:

Նախորդ հոդվածը‘London Chess Classic. Կառլսենն անկասելի է ‘
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որ այդպես անհեթեթ, անդեմ հայտարարություն կարող էր անել’