‘Գալուստ Սահակյան. Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որ այդպես անհեթեթ, անդեմ հայտարարություն կարող էր անել’

1143

Չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստանն» այն կուսակցությունն է, որ այդպես անհեթեթ, անդեմ հայտարարություն կարող էր անել, ուղղվածություն չունի, ոչ պաշտոնական հանդիպումներ են եղել դրանք, փքուն էր ներկայացվել: Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ կարծիք հայտնելով ԲՀԿ-ի բրյուսելյան այցերից հետո տարածված հայտարարության մասին:

«Սովորական մարդը որ կարդա, կմտածի՝ ամբողջ Եվրոպան ոտքի էր կանգնել ու լսում էր ԲՀԿ-ի հայեցակարգերը: Արջի ծառայություն են մատուցել՝ ներկայացնելով մի փաստաթուղթ, որը ինձ համար հավանական չի թվում: Դա այն հարցը չի, որ մենք քննարկենք ու պատասխան նախապատրաստենք: Ցանկացած քաղաքական գործիչ կարող է իր կարծիքը ասել, Էդուարդ Շարմազանովի կարծիքը բնութագրական էր, և չեմ կարծում, որ այն սահմանները, որ մենք մշտապես կիրառում ենք այլ կուսակցությունների մասին գնահատականներ տալիս, դրանից անցել է»,- ասաց Սահակյանը:

Հարցին, թե կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը լինել ընդդիմության միասնական թեկնածուն, Սահակյանը պատասխանեց, թե ընդդիմությանը պետք է հարցնել, «ինչ-որ հայեցակարգեր են քննարկում»:

«Քննարկման մոտիվացիան հետևյալն է՝ ո՞նց անենք, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտից դուրս գա, հիմնական մոտիվացիան դա է: Ոչինչ, որ միասին գաղափարախոսություն չունեն, զաթո կամք ունեն ու ժամ առաջ ուզում են գան իշխանության»,- ասաց Սահակյանը:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան — Մամեդյարով հաջորդ հանդիպումը` 2013-ի սկզբին’
Հաջորդ հոդվածը‘«Հակահարված»-ի տղաները դուրս են եկել ոստիկանությունից’