‘Նախարարության պատասխանը՝ Նեմեցին. «Առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում է այլոց աշխատանքը»’

1776

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել մի մարդ, որը ոչ մի կապ չունի սպորտի հետ: News.am-ի հետ զրույցում նախարար Գաբրիել Ղազարյանի մասին նման կարծիք էր հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ի՞նչ կապ ունի նա սպորտի հետ, ի՞նչ է հասկանում սպորտի պրոբլեմներից, դե թող մեկը քննադատի, ինչո՞ւ չեն քննադատում: Տարվա վերջին գալու է մի աղջիկ ծաղիկ մատուցի, թուղթ մատուցի, տա սպորտի նախարարին եւ ստացվի, որ այդ աղջիկն է անում նախարարի գործը»,- ասել էր նա: 

Ի պատասխան Ռուբեն Հայրապետյանին՝ նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի գործընկերներ.

Հերթական անգամ ականատես ենք լինում, երբ մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը և անհիմն վատաբանում նրանց: Այս անգամ այդ պատիվ չբերող դերը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից և իր անելիքներից խոսելու փոխարեն ֆեդերացիայի նախագահը կանխակալ վերաբերմունք է արտահայտում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի հանդեպ` նրան մեղադրելով սպորտի հետ կապ չունենալու մեջ:

Պարզապես հիշեցման կարգով նշենք, որ սպորտի նախարարը 1992 թվականից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում է`աշխատելով որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, բասկետբոլի մարզիչ, զբաղվել է գիտական աշխատանքով, դասախոս է, դոցենտ: Վատաբանելու փոխարեն կարելի էր ընդամենը հարցնել մարզաշխարհի ներկայացուցիչներից, թե պաշտոնավարման այսքան կարճ ժամանակահատվածում ինչ տպավորթյուն է հասցրել թողնել նախարարը` առաջնորդվելով մարզաշխարհում համերաշխության և փոխընբռնման մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության ծրագրերին համապատասխան վճռական է հայրենական սպորտում առաջընթաց և զարգացում ապահովելու գործում: Նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն, քայլ առ քայլ լուծվելու են կուտակված խնդիրները ` բարձր պահելով հայկական սպորտի պատիվը:

Մենք ոչ մի մարզաձևի հանդեպ խտրականություն չունենք և պատրաստակամ ենք օգնել նաև հայկական ֆուտբոլին, որտեղ ցավալի բացթողումներ և տապալումներ կան: Վերջին օրերին եվրագավաթներում ՀՀ բարձրագույն խմբի թիմերի անփառունակ արդյունքները դրա վառ ապացույցն են:

Հայկական սպորտն ունի վառ անցյալ, բավական հուսադրող ներկա և ապագա, բայց դրա համար պետք է աշխատել ու ոչ թե վատաբանել այլոց աշխատանքը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար

Աստղիկ Մարտիրոսյան

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժը` Հյուսիսային Կորեա-Պորտուգալիա եզրափակչի լավագույն ռմբարկու ‘
Հաջորդ հոդվածը‘Զվարճալի լուսանկարներ Աշխարհի առաջնությունից (Ֆոտոշարք)’