‘Նախկին աշխատակից. «Արմավիան» ապատեղեկատվություն է տարածում’

1590

«Լրատվամիջոցներում հայտնված՝ «Արմավիայի» ներկայացուցչի խոսքերն այն մասին, որ ընկերությունը նախկին աշխատակիցներին մնացել է ընդամենը մեկ ամսվա աշխատավարձի պարտք, և դրա վճարումը հետաձգվել է Ծննդյան տոների կապակցությամբ, չեն համապատասխանում իրականությանը, բացարձակ սուտ են և ապատեղեկատվություն»,- այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց «Արմավիայի» նախկին աշխատակից Քրիստինե Մկրտչյանը:

Քրիստինեն նաև նշեց, որ «Արմավիայի» մոտավորապես յոթ տասնյակ նախկին աշխատակիցներ արդեն երեք ամիս է, ինչ չեն ստանում մեկ միլիոն դրամը գերազանցող իրենց աշխատավարձերի պարտքերը:

«Արմավիայի» տնօրենը, ամիսներ առաջ հանդիպելով ընկերության նախկին աշխատակիցներին, հավաստիացրել է, որ աշխատավարձերը կվճարվեն ընկերության սեփականությունը հանդիսացող երեք ինքնաթիռների վաճառքից հետո, մինչդեռ  դրանից հետո էլ աշխատավարձերը չեն վճարվել: Երբ աշխատակիցները ինքնաթիռների վաճառքից հետո կրկին հանդիպել են ընկերության տնօրենին, նա ասել է, թե Բաղդասարովն իրեն արգելել է այդ հարցով ընդհանրապես զբաղվել , և հավելել. «Բաղդասարովը հրաման է տվել ոչ մի կոպեկ աշխատավարձ չվճարել»:

Քրիստինեն նաև հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ նրանք հանդիպել էին նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որտեղ նրանց վստահեցրել էին, թե «Բաղդասարովը ոչ թե 100, այլ 120 տոկոս կվճարի աշխատավարձերը», սակայն այդ հանդիպումը, ըստ Քրիստինե Մկրտչյանի, արդյունք չի տվել՝ հավանաբար Ս. Սարգսյանի և Մ. Բաղդասարովի ընկերական հարաբերությունների պատճառով:

«Մենք՝ հասարակ մահկանացուներս, օլիգարխի դեմ ենք դուրս եկել, ընդ որում՝ Սերժ Սարգսյանի մոտ ընկերոջ, ու մենք բացարձակ անզոր ենք, անգամ օրենքը չի գործում»,- նշեց Քրիստինեն՝ հավելելով, որ Բաղդասարովը արհամարհում է անգամ դատարանի վճիռը, որը պարտավորեցնում է վերջինիս վճարել նախկին աշխատակիցների երեք տարվա օրապահիկները, ինչը գերազանցում է 500 000 դրամը:

 

Նախորդ հոդվածը‘Թոմ Հենքս. Կյանքի օրենքները’
Հաջորդ հոդվածը‘«Չեբուռաշկեքն» ու «կռակադիլը» (տեսանյութ)’