‘Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու. Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունների ընտրանին ‘

4127

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մահացել է ժամանակակից գրող, հրապարակախոս Հովհաննես Գրիգորյանը: iLur.am-ը ընթերցողներին է ներկայացնում նրա բանաստեղծությունների ընտրանին:

ՆՈՐ ՏՈՂԻՑ

Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
Քրոջս, որին ի՜նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ՝
Ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ…
…Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
Վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում…

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

ՆԱՄԱԿԸ, ՈՐԸ ՔԵԶ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՍՆԵԼՈՒ

Ամեն ինչ բաժանված է արդեն,
և աստղերը, և արևը, և լուսինը:
ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
և ամաչում եմ սարսափելի,
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Եվ այս բառերը՝ օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են, անչափ հուսահատ,
որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու,
որովհետև նորից քեզ փնտրելու եմ ամենուրեք,
գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու, որովհետև
ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Փողոցներում, որտեղ դու հիմա չկաս, գարուն է
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով:


Քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թե ինչու  տոն է այս սովորական օրով,
և խմբերով աղջիկներ են անցնում
գույնզգույն շորեր հագած`
ոչ մի փոփոխություն չնկատելով…
իսկ նվագախումբը դուրս է ցայտում ամենաանսպասելի
անկյուններից, իր ետևից տանելով հրոսակախումբը`
ցնծությունից խելակորույս երեխաների-
ամբողջացնելով գարնան պատկերը կանաչավուն:


Ինչ հեշտ է սիրելայն ամենն, ինչ հեռվում է,
և ինչ բավականություն`պատկերացնել այն,
ինչը չես տեսնում…
Բայց ամենահեշտը քեզ մոտ տխրությունն է ստացվում,
Օ, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարեզում:
Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն
և սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,
և հայացքդ թափառեց փողոցներով, մարդկանց մեջ,
սրճարաններում, և հոգնությունից արցունքոտվեց հայացքդ`
ոչ մի փոփոխություն չնկատելով:
իսկ նվագախումբն արդեն երկինք է բարձրանում,
իր ետևից տանելով ցնծությունից ոչինչ չնկատող
հրոսակախումբը երեխաների…
ինչ հեշտ է մոռացվում նա, ով հեռվում է,
և ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
երբ ինքդ ես հեռվում…

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
Դու այս դատողությունը կհամարես պարզունակ:
Թող այդպես լինի:
Վինսենթ Վան Գոգ

Ամեն անգամ ինչ-որ բան կորցնելիս ես հիշում եմ քեզ.
Ամենադժվարը քեզ կորցնելն էր-ես ոչինչ չէի հիշում,
Իսկ հիմա նույնիսկ թերթ կարդալիս ես ապահով եմ`
Ոչ ոք չի խոցի ինձ թիկունքից:

Այդ ե՞րբ էր`առաջին անգամ վառեցին գրքերը…
Կիսամերկ մարդիկ էին վազում փողոցներով,
Ցեխաջրի մեջ լողում էին վարդերը,
և ոսկեզօծ կառքեր էին սուրում երջանկությունից խելագարված:

Ամեն անգամ ինչ-որ բան գտնելիս ես կորցնում եմ քեզ,
Ամենահեշտը քեղ գտնելն էր-ես ոչինչ չէի հիշում:

***
Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:

Իսկ անտառը կամաց-կամաց սափրվում է երկրի երեսից,
Կապիկներին մարդ դառնալուց զատ ուրիշ ոչինչ չի մնում.
Անխելք կենդանիներ,զգում եք ձեր անխոհեմ քայլը`
Դուք վեպերի հերոսներ կդառնաք,
Դուք վերարկուներ կհագնեք,
Ինտրիգներ կսարքեք,
Կսիրահարվեք և կխորտակվեք վերջնականապես:
Ես երգում եմ այս երգը ամենավերջին անգամ:
Իսկ վաղը գուցե պատերազմ սկսվի.
Կապիկները վառվելով `թիթեռների թեթևությամբ
կթափեն ծառերից,
և կիսամերկ մարդիկ կվազեն փողոցներով:

Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան…

***

Առաջին սերը – անվերջ մոռանում ես նրան.
ցերեկները չես կարող հիշել, որովհետև դու
զանգում ես հեռախոսով, որովհետև քեզ
զանգում են հեռախոսով, որովհետև ինչ-որ
թղթեր ես ստորարում, որովհետև քեզ ինչ-որ
թղթեր են ուղարկում` ցերեկները դու ծերանում ես
աննկատ, և երեկոյան դու ծերանում ես աննկատ
և միայն գիշերը, երբ թևիդ ժամացույցն արձակելով
դնում ես սեղանին` հիշում ես առաջին սերդ, որը
չի ծերացել բոլորովին:
Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ
նա ապրում է իր կյանքը, և դու
ապրում ես քո կյանքը, թեև արձակել ես
թևիդ ժամացույցն ու դրել ես սեղանին,
և վայրկյանները մրջյունների պես դուրս վազելով
ժամացույցից, հեռանում են քո կյանքից, կորչելով
սեղանին թափթփված գրքերի ու թղթերի արանքում:
Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ գիշեր է:
Եվ հանգած են լույսերը: Ճիշտ այսպիսի մի լուսին
կախված է լուսամուտից և անտարբեր նայում է
նրան, ում կորցրել եմ վաղուց, ում մոռանում եմ
ցերեկները և երեկոյան մոռանում եմ դարձյալ,
և միայն գիշերները, երբ մնում եմ մենակ, հանում եմ
թևիս ժամացույցը, դնում եմ աչքերիս առաջ
և անձայն լալիս եմ անցնող կյանքիս համար,
և արցունքները կորչում են
սեղանին թափթփված րքերի և թղթերի արանքում:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈւՄ ԿԱՆԱՆՑ ԳԱՂՈւԹՈւՄ

Աշուն է: Բանտարկյալների համար ոտանավոր կարդալու
լավագույն ժամանակը:

Ճերմակ ներկած դահլիճում հավաքված էին գույնզույն
լաչակավոր մարդասպաններ, գողեր, ավազակներ…
Մի խոսքով, սովորական կանայք, որոնց կարելի է
հանդիպել ամենուրեք` փողոցներում, թատրոններում,
տոնավաճառներում, և հատկապես, ընտանեկան
հաճելի մթնոլորտում` հարազատներով շրջապատված:
Ոգևորված խոսում էի անկախությունից, ազատությունից,
բազմակուսակցությունից և հարաբերություններից միջազգային:
Նրանք ծափահարում էին խանդավառ և հետո խնդրեցին ինձ`
սիրային բանաստեղծություններ կարդալ, որոնց մեջ
խոսք չլիներ անկախության և հատկապես ազատության մասին:

Աշուն է: Բանտարկյալների համար սիրային և հատկապես
բաժանման բանաստեղծություններ կարդալու
լավագույն ժամանակը:

Եվ ահա, սեր իմ, ես հիշեցի քեզ և կարդացի մեր կարճատև
հանդիպման և երկարատև բաժանման, հեռավոր աշնան մասին,
երբ ծառերը սովորականից շուտ տերևաթափվեցին, և ես
թեթև հանված հանկարծ խորացա ձյուն ու ձմեռվա մեջ
և այլևս չվերադարձա…: Հուզմունքից խզված ձայնով
կարդում էի, և արցունքները գետի պես հոսում էին
աչքերիցս, և հանկարծ նկատեցի, որ բարձր, ձայնը
գլուխները ցած, առանց ամաչելու լալիս են նաև
գույնզույն լաչակավոր մարդասպանները, գողերը,
ավազակները…: Սովորական կանայք, որոնց, արդեն
գիտեք` որտեղ կարելի է հանդիպել…

Աշուն է: Առանց ամաչելու: Բարձր: Ձայնը լգուխը գցած
լաց լինելու լավագույն ժամանակը:

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

Չկարողացա այսօր տնից դուրս գալ, չէ որ այսօր
իմ ծննդյան օրն է: Ինչ տարօրինակ ու զարմանալի բան`
երկար տարիներ առաջ եղել է այդպիսի մի օր:
Եվ ինչ արած, սիրելի հյուրեր, դուք արդեն եկել եք, և ես
խորապես հուզված եմ, խորապես ազդված և շփոթված:
Ահա, իմ հին լուսանկարները, սիրելի հյուրեր, բարեկամներ
թանկագին, հիացեք ինչքան ուզում եք, չէ որ ամբողջ
օրը մերն է: Ահա, այս մեկը, ես` ընդամենը երեք տարեկան:
Աջ կողքիս մայրս է ժպտում, ետևում քույրերս են
կանգնած ու ծիծաղում են, իսկ այս ուրախ տղամարդը
հայրս է: Իսկ այստեղ արդեն մեծ եմ, եկեղեցու պատի
տակ: Աջ կողքիս – մայրս է, աղավնին ձեռքին, ետևոււմ –
քույրերս են կաննած աղավնիներով, իսկ այս
տղամարդը – հայրս է, առանց աղավնու, բայց ամբողջովին
արյան մեջ կորած: Իսկ այս մեկում շատ ավելի փոքր եմ,
հիվանդ եմ, թույլ ու անօնական: Աջ կողքիս մայրս է
արտասվում, ետևում հեկեկում են քույրերս, իսկ դեմքը
մազակալած այս տղամարդը հայրս է: /Իսկ հիմա բոլորս
առողջ ենք, սիրելի հյուրեր, և միայնակ ենք բոլորս,
բարեկամներ թանկագին/: Ես այսօր չկարողացա տնից
դուրս գալ, ինչ-որ մեկն ամուր փակել էր դռները,
և պատուհաններն էր մեխել ամուր ու վարագուրել,
և ես պառկած եմ սենյակի ուղիղ կենտրոնում
իմ հյուրերի հետ `
աջ կողքիս աղավնիներն են, ետևում` ծիծաղը,
իսկ արցունքը դանդ

ՍԻՐՏ

Հին բառերի մեջ ամենաշատը դու կարող էիր խաբվել,
Դու, թեև այնպես
Խնամքով ու հոգատար թաքնված էիր մարմնի
Ամենախորքում, ամուր ու ճկուն ոսկորներով ցանկապատված:
Դու, ամենանուրբն ու զգայունը ու նաև
Անհրաժեշտն ու խաբվածը բոլորից:
Դու ցանկացել ես տեսնել,
և աչքերը փակել են աչքերդ,
դու ցանկացել ես գրկել,
և ձեռքերը բռնել են ձեռքերդ,
իսկ ձեռքերը կախվել են խաչված` դատապարտված
ստրուկների նման` հին Հռոմի ճանապարհին:
Դու ցանկացել ես լսել,
և ականջները խուլ են ձևացել,
դու ցանկացել ես վազել,իսկ ոտքերը
տարել են քեզ բոլորովին ուրիշ ճանապարհով…
Դու անվերջ ինչ-որ բաներ ես ցանկացել,
Բայց քեզ խաճախ խեղդել են ծխախոտի ծխի մեջ
և կամ թմրացրել գինով և օղիով դաղել:
Դու,անզոր ու անօգնական,
Ինչպես երեխա`բարուրի մեջ փաթաթված:

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔ

Կարծում եք հե՞շտ է ապրել
Երբ քաղաքը ուր ծնվել ես-չկա,
Իսկ դու շարունակում ես ապրել:
Կարծում եք հե՞շտ է հիշել,
Երբ մոռացումն է փրկություն-չկա,
Իսկ դու շարունակում ես հիշել:
Կարծում եք հե՞շտ է քնել.
Երբ ականջներդ լցված են ճիչերով,
Երբ աչքերդ արցունքով են լցված,
Երբ ուրախ պատկերները հիմա
Տեսնում ես միայն երազում-
Կարծում եք, հե՞շտ է արթնանալ…

***

Փողոցներով անցնում են կույր աղջիկներ:
նրանք գավազան ունեն ձեռքներին
և քայլում են քսվելով պատերին:
— Եթե դու ինձ սիրեիր,
ես քեզ կտայի քո կապույտ աչքերը:
Փողոցներում
առանց ամաչելու լալիս են բանաստեղծները,
նրանք գլուխները խոնարհել են,
իսկ կույր աղջիկները քայլում են
և չեն տեսնում նրանց:
-Ես քեզ կտայի քո կապույտ աչքերը,
և դու կտեսնեիր ինձ:
Փողոցներում
կամաց – կամաց իջնում են վարագույրները,
և կամաց – կամաց փակվում է բեմը,
և գլուխ տալով կամաց – կամաց
հեռանում են կույր աղջիկները,
և բանաստեղծներն են հեռանում,
և վարագույրը վերջնականապես իջնում է:

Վարագույրից այն կողմ լսվում է բարձրաձայն
հեծկլտոց.
վարագույրից այն կողմ
բոլորովին ուրիշ աշուն է:

ԱՇՈՒՆ

Նվագում էր դաշնամուր,

իսկ լուսամուտները բաց էին
և աշուն էր:
Տերևները գունատվում ու չորանում էին,
իսկ ինքը նվագում էր:

Իսկ հետո
Մեկ – մեկ սկսեցին
թափվել տերևները,
ինչպես գունատված բառեր,
ինչպես չորացած նոտաներ:

Ինձ թաղեցեք
վաղը չէ մյուս օրը-
անտարբեր խնդրում էր դաշնամուրը:

 

***

Հայրս ու մայրս
երկու վառվող մոմեր
երկու ձեռքերիս մեջ,
երկու հալվող մոմեր՝
հայրս ու մայրս:

Զգույշ քայլում եմ
տարիների մեջ,
թեթև շունչ քաշում:
Դեմքիս մի կեսը ցերեկվա մեջ է,
իսկ մյուս կեսը՝ գիշերվա մեջ:

Ահա մի քառորդ
ապրեցի այսպես:
Մեկ ուրիշ քառորդ –
և էլ չկամ ես,
և էլ չկամ ես:

Հայրս ու մայրս
երկու վառվող մոմեր.
ես մեկ ուրախ եմ
և մեկ էլ տխուր
նրանց լույսի տակ:

Երկու ձեռքերիս մեջ
երկու հալվող մոմեր՝
տաք ու գեղեցիկ
մոմե արցունքներ
ձեռքերիս վրա:

 

ԵՎ ԲՈԼՈՐԸ ՔԵԶ ԿԱՍԵՆ՝ ՄԻ ԳՆԱ

Բանաստեղծն ուզում է լինել անհամեմատ բարի:
Բանաստեղծը սիրում է աշունը,
նա թափառում է փողոցներով
և հետո մտնում է հին սրճարանը,
սուրճ է վերցնում և սկսում ծխել:
Իսկ դրսում արդեն սկսում են վառվել լապտերները,
Իսկ կինոդահլիճներում հանգում է լույսը,
և ինչ-որ ժամանակահատվածում
մարդիկ անգործ նստում են և հուզվում են տեղի-անտեղի…
Բանաստեղծն ուզում է լինել ամենաշատ հոգնած
և նա հենվում է սրճարանի ապակուն:
Բանաստեղծն ուզում է լինել ամենաշատ բարի,
ևս մի բաժակ սուրճ է վերցնում
և վառում է ծխախոտ՝ բավականին հմուտ ձևով:
Փողոցով անցուդարձ են անում
վերարկու հագած հրեշտակները, նրանց քթերը
կարմրել են ցրտից,
և նրանք փռշտում են, և խաչակնքում արագ-արագ:
Հիմա արդեն ուշ է բավականին,
և բանաստեղծը բարձրացնում է գլուխը
և հոգնած ելնում է ոտի
և անհամեմատ բարի հրաժեշտ է տալիս բոլորին:
Դռան մոտ նա կախում է գլուխը,
կարոտով ու սիրով նայում է բոլորին և այդպես
կանգնում է այնքան, մինչև արցունքները չորանում են:
Ու գլուխը բարձր պահած դուրս է ելնում փողոց,
և հրեշտակները արագ-արագ շարք են կանգնում
և շարքով քայլում են նրա ետևից
աշնան համաչափ հեծկլտոցի տակ:

 

Նախորդ հոդվածը‘«Փուչիկների գործով» դատապարտված Սերոբ Բոզոյանի նկատմամբ վճիռը փոխվեց’
Հաջորդ հոդվածը‘Կավանին շատ մոտ է Մադրիդին’