‘Ներդրվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան»-ը ‘

940

Սերժ Սարգսյանն այսօր կարգադրություն է ստորագրել.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, ելնելով պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների հիմնման, սահմանային անվտանգության գործում ներգրավված պետական մարմինների գործողությունների օպտիմալացման և վերջիններիս փոխգործակցության ապահովման, ինչպես նաև միջազգային առևտրի խթանման անհրաժեշտությունից` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում մեկնարկել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

1) մեկամսյա ժամկետում դիմել միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ընթացակարգերի ներդաշնակեցման և օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար.

2) միջազգային մասնագիտացված կազմակերպությունների առաջարկությունները ստանալուց հետո եռամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգի նախագիծը` Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

աջակցել միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերի ներդաշնակեցման և օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու գործընթացին:

4. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին`

1) սույն կարգադրության 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված նախագիծն ստանալուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգի նախագծի համաձայնեցումը շահագրգիռ մարմինների հետ և ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը.

2) եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին տրամադրել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգի դրույթների իրականացման վերաբերյալ:

 

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտի վարչության պետ. «Ասել եմ՝ գնա, ես քու…» ‘
Հաջորդ հոդվածը‘Ակցիան շարունակվում է. Հայկ Մարությանին միացել են Պետրոս Ղազարյանը և տասնյակ այլ քաղաքացիներ (տեսանյութ)’