‘Ներսես Նազարյան. Մեհրաբյանին կադրերի ռեզերվ ուղարկելու պատճառը՝ Արաբկիրում հանցագործություններ չգրանցելու դեպքերն են’

1044

Նոր Նորքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի պաշտոնանկությունը կապված է Ոստիկանության Արաբկիրի բաժնում նրա նախկին գործունեության հետ: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, Մեհրաբյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ, մինչ քննությունը կպարզի Արաբկիրի բաժնում հայտնաբերված խախտումների հանգամանքները: Ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետը պաշտոնից ազատվել է անցած շաբաթավերջին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` այս պաշտոնում ընդամենը երկու ամիս աշխատելուց հետո:

Մինչ այդ, նա շուրջ մեկուկես տարի` 2011-ի մարտից, զբաղեցնում էր Արաբկիրի ոստիկանապետի պաշտոնը:

Ներսես Նազարյանից տեղեկացանք, որ Մեհրաբյանին կադրերի ռեզերվ ուղարկելու պատճառը Արաբկիր համայնքում չբացահայտված հանցագործություններն են։

«Հանցագործություններ չգրանցելու դեպքեր կան, որոնք պարզաբանման ընթացքում են. իսկապես չեն գրանցվել աշխատողների կողմից, թե` չեն դիմել, այս ամեն ինչը քննության ընթացքում կպարզաբանվի», — «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Նազարյանը՝ նշելով, որ մոտ մեկ տասնյակ նման դեպքերի մասին է խոսքը։

Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկատվություն չի հրապարակում այն մասին, թե կոնկրետ ինչ թաքցված կամ չգրանցված հանցագործությունների մասին է խոսքը։

«Իր նկատմամբ գործ չկա հարուցված։ Դեպքերի հետ կապված,  առանձին աշխատողների հետ է կապված, որոնք իր աշխատողներն են և, իհարկե, ինքը նույնպես պատասխանատու էր իր աշխատողների համար», — նշեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը։

Ներսես Նազարյանը չհամաձայնեց, որ Արթուր Մեհրաբյանի պաշտոնանկության պատճառներից մեկը կարող է լինել օգոստոսին Արաբկիր համայնքում ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի դաժան սպանության գործը։ Այս դեպքը մեծ աղմուկ հանեց այն պատճառով, որ ոստիկանները հարևանների ահազանգին մի քանի ժամ ուշացումով էին արձագանքել և խեղդամահ արված կնոջ հարազատները պնդում են, որ առնվազն հանցագործներին տեղում չհայտնաբերելու համար Ոստիկանությունն է պատասխանատու: Այդ ժամանակ Մեհրաբյանն էր Արաբկիրի ոստիկանապետը: Ներսես Նազարյանը հիմնավորեց, որ սա հերթապահ մասի աշխատակիցների թերացման հարց էր, ինչի համար նրանք պատժվել են՝ ոստիկաններին խիստ նկատողություն է տրվել:

Նա հերքեց նաև այն հրապարակումները, թե Նոր Նորքի ոստկանապետի՝ աշխատանքից ազատվելու պատճառը նոյեմբերի 15-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժնում կողոպուտի կասկածանքով բերման ենթարկված Մհեր Անդրեասյանի ծեծի մասին տեղեկատվությունն է եղել: Հելսինկյան ընկերակցությունն էր տարածել տեսանյութ, որում երիտասարդի մայրը և փաստաբանը պատմում էին բաժնում նրան խոշտանգելու ու ծեծելու մասին: Տեսանյութը լայն տարածում գտավ լրատվամիջոցներով,սակայն ոստիկանությունը անմմիջապես պաշտոնապես հերքեց այն, խոշտանգումների մասին պնդումները որակելով «ծայրից ծայր սուտ»։ Այնուհանդերձ, այս հրապարակումներից մեկ շաբաթ անց հայտնի դարձավ Արթուր Մեհրաբյանի պաշտոնանկության մասին:

Երևանի ոստիկանապետից հարցրեցինք, եթե Մեհրաբյանի պաշտոնանկությունը կապված է ոչ թե ներկա աշխատանքի, այլ Արաբկիրի բաժնում նրա նախկին թերացումների հետ, ապա ինչու նա այն ժամանակ աշխատանքից չի ազատվել, այլ նշանակվել է Նոր Նորքի ոստիկանապետի պաշտոնում։

«Այդ ժամանակ դեռ պարզաբանված չէր, ուղղակի տեղն ազատ էր՝ նշանակում արվեց: Իսկ հիմա, երբ պարզվեց, որ նմանատիպ դեպքերը շատ են և քննությունը ընթանում է, որպեսզի զերծ մնան ավելորդ խոսակցություններից, զերծ մնան քննության հետ կապված այլ մանրամասներից, նախարարը հարմար գտավ, որ մինչ դեպքերի վերջնական քննության պարզաբանումը ինքը գտնվի կադրերի տրամադրության տակ», — պարզաբանեց Նազարյանը։

Հայաստանի հելսինկյան ընկերակցությունը, այնուհանդերձ, կապ տեսնում է իրենց տարածած տեսանյութի և Նոր նորքի ոստիկանապետի պաշտոնանկության միջև։

«Ուրիշ բացատրություն այստեղ չկա: Այս պահին պետք է հանել մի մարդու, որ հետո հայտարարեն, որ՝ «մենք անում ենք քայլեր դեպի մարդու իրավունքներ, դեպի պաշտպանություն, դեպի դեմոկրատիա և պատժում ենք այն անձանց, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը, — «Հիշեցնենք, որ ամսի 18-ին Բրյուսելում Եվրամիություն – Հայաստան քննարկումներ են նախատեսված մարդու իրավունքների հարցով»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ճանաչել է Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան’
Հաջորդ հոդվածը‘Ռոզա Ծառուկյան. Այսօր մինչև օրվա վերջ կիմանաք` կառաջադրվի, թե ոչ (տեսանյութ)’