‘Նոր Նորքի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն կանաչ տարածքում քարի մշակման գործարանի կառուցման դեմ’

731

Հունվարի 24-ին` ժամը 15:00-ին, Նոր Նորքի 7-րդ զանգվածում, տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն քարի մշակման գործարանի կառուցման դեմ: «ԷկոԼուր»-ին ուղղված բնակիչների նամակում  նշված է, որ 25 տարվա ընթացքում նրանք բարեկարգել եւ կանաչապատել են տարածքը, որտեղ խորհրդային տարիներին բնակելի մասիվների կառուցումից հետո մեծ քանակությամբ շինարարական աղբ էր կուտակվել: Այդ նույն տարածքում նաեւ մի քանի տուն է կառուցվել: Բնակիչները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարան` խնդրելով օրինականացնել երկար տարիների ընթացքում իրենց կողմից մշակովող հողերի նկատմամբ սեփականության իրավունքը: Երեւանի քաղաքապետարանը, թեպետ ընդունել է բնակիչների կողմից այդ տարածքների սեփականացման առաջնահերթությունը, սակայն մերժման համար տարբեր պատճառներ է բերել:

2011թ. տարածք է մտել «Ագրոհոլդինգ» ընկերությունը, որը մտադիր է կառուցել քարի մշակման գործարան: Ընկերության ղեկավարները բնակիչներին հայտնել են, որ այդ տարածքն իրենք ձեռք են բերել 2003 թվականին: «Նման  գործարանի  կառուցումը  իր  հետ կբերի աղետալի  հետեւանքներ  շրջակա  միջավայրի  եւ  տարածքի  բնակչության համար, նամանավանդ     կվերանան  այգիները»,- նշված է հաղորդագրության մեջ: Բնակիչները մտադիր են ակցիային մասնակցելու հրավիրել իրենց վարչական շրջանից ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել ֆարմանյանին եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի բժիշկները վիրահատությամբ անջատել են որովայններով սերտաճած երկվորյակներին’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում կնոջ դիակ է հայտնաբերվել’