‘Նոր տարին՝ նոր փոփոխություններով’

1146

Նոր տարին դեռ նոր է սկսվել, ու դեռ մեկ ամիս էլ չկա անցած տոներից, բայց արդեն այն փայլում է ակցիաների բազմազանությամբ: Նախ, հունվարի մեկին՝ նոր տարվա հենց առաջին օրը, կայացավ երթ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի: Այդ ընթացքում մի քանի օրով հացադուլ հայտարարեցին բանտում գտնվող մի քանի քաղբանտարկյալներ՝ Շանթ Հարությունյանի գլխավորությամբ: Այնուհետև խորհրդարանական ընդիմադիր ուժերն սկսեցին իրենց ակցիաները ընդդեմ կուտակային կենսաթոշակի: Այս բոլոր գործընթացներին իրենց  ակտիվ մասնակցությունն ունեցան քաղաքացիական ակտիվիստները…

Ամեն ինչ նախանշում է, որ տարին քաղաքականությամբ հագեցած է լինելու, և փոփոխություններն անխուսափելի են: Հայ հասարակությանն արդեն ավելի քիչ է հետաքրքրում մինչև հունվարի կեսը միմյանց Նոր տարին ու Սուրբ Ծնունդը շնորհավորելը, ու իրենք իրենց այլեւս դուրս չեն համարում երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացներից:  

Հունվարի կեսերին ստացվեց դեկտեմբերին ծախսված կոմունալ վճարների թիվը, և հայաստանցիները տեսան, թե գազի գնի բարձրացումներն «ինչ կարգի» են ազդել շարքային քաղաքացիների վրա, և ուզեն, թե չուզեն, մարդիկ պետք է մասնակիցը դառնան քաղաքական գործընթացների, այլապես՝ ստացած գրոշները չեն հերիքելու նույնիսկ կոմունալ ծախսերը հոգալուն:

Կարծես՝ իշխանություններն էլ արդեն ժողովրդին խաբելու ու ստով սնելու ռեսուրսներ չունեն, ու դժվար գտնվի մեկը, ով կհավատա Արմենիկումի ու Հայկական պլանշետների «հրաշքին»: Այդ իսկ պատճառով՝ հիմա ճիշտ ժամանակն է գիտակցել, որ Հայաստանում ստեղծվել է հեղափոխական վիճակ, երբ, բացառությամբ իշխանության վերնախավում գտնվող մի քանի տասնյակ մարդու, Հայաստանի մնացած բնակչությունը ցանկանում է երկրում տեսնել իրական փոփոխություններ: 

Կեղծ հայրենասիրությունն ու ամեն ինչ նախկին իշխանությունների վրա բարդելու քարոզչությունն էլ չի աշխատում, որքան էլ այսօրվա իշխանությունները փորձեն օգտագործել իրենց ամենահուսալի գործիքը, այդ իսկ պատճառով իշխանությունները որդեգրել են ցինիզմի քաղաքականությունը՝ խորհուրդ տալով ժողովրդին թրիքով տաքանալ, իսկ դրսում գտնվող բարեկամներին էլ՝ ավելի շատ օգնություն ուղարկել:

Արտաքին ազդակներն էլ հուսադրող չեն. ԵՄ համաձայնագրից հրաժարվելուց և Ռուսաստանի ճնշման տակ ՄՄ մտնելուց հետո Հայաստանը կորցրել է իր վստահությունը՝ և՛ արևմտյան գործընկերների մոտ, ովքեր բազմապիսի հույսեր էին կապում Կովկասը Ռուսական ազդեցությունից դուրս բերելու ուղղությամբ, և՛ Ռուսաստանի մոտ, որը տեսավ, թե Հայաստանն իր մեջքի ետևում ինչպիսի խաղեր է խաղում:

Հայաստանում հեղափոխության համար առկա են բոլոր պայմանները. և’ ժողովրդի անտանելի սոցիալական վիճակը, և’ երկրում տիրող համատարած անարդարությունը, և’ ԱԺ ընդդիմադիր բոլոր ուժերի՝ իրար հետ համագործակցելու պատրաստակամությունը, և’ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, և’ արտաքին ուժերի անվստահությունը գործող իշխանությունների հանդեպ:

Այդ իսկ պատճառով, պետք է պարզապես ճիշտ պահ ընտրել, և ժողովրդի հաղթանակն անխուսափելի կլինի: Այս ամենը գիտակցում է նաև գործող իշխանությունների մեծ մասը, ու ժողովրդական ընդվզումը տեսնելու դեպքում առաջինը հենց նրանք են անցնելու ժողովրդի կողմը՝ միայնակ թողնելով Սերժ Սարգսյանին և մեկ տասնյակի հասնող հանցագործների:

Սանասար Հավասարյան 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի և Արցախի սահմաններում իրավիճակը վերահսկելի է. Սեյրան Օհանյան’
Հաջորդ հոդվածը‘Նախկին ամուսնու կողմից հրկիզված կինը մահացել է հիվանդանոցում’