‘«Շախտյորի» գլխավոր տնօրեն. Մենք Մխիթարյանին կտուգանենք’

1407

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պրյադկինը Sportsdaily.ru-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ բավական անսպասելի հայտարարություններ արել:

«Մխիթարյանի հետ կապված պետք է նշեմ, որ երեկ (նկատի ունի կիրակի օրը,- iLur.am) նա չի ներկայացել «Շախտյորի» հավաքին, թեպետ պարտավոր էր դա անել: Թե ինչ պատճառով, մենք չգիտենք: Եթե Մխիթարյանը մոտ ժամանակներս չհայտնվի թիմում, մենք նրան կտուգանենք:

Ինչ վերաբերում է «Լիվերպուլում» նրա հայտնվելուն, ապա նա ոչ մի շփում էլ չի ունեցել: Վստահ եմ, որ այդ ակումբի հետ Մխիթարյանի բանակցությունների մասին բոլոր լուրերը ընդամենը շշուկներ են: Մխիթարյանի հարցով «Լիվերպուլից» «Շախտյորին» առաջարկ չի եղել:

Թե ինչու է Մխիթարյանն իրեն այդպես պահում, դժվար է կռահել: Իրեն հարցրեք: Հաստատ գիտեմ, որ Հենրիխը թիմակիցների եւ մարզիչների հետ խնդիրներ չի ունեցել, «Շախտյորից» հեռանալու մասին էլ նրանից  ոչինչ չենք լսել: Այնպես որ, Մխիթարյանի վարքագծի հետ կապված բոլոր հարցերով դիմեք նրան»,- ասել է Պրյադկինը:

Սերգեյ Պրյադկինի հայտարարությունները էլ ավելի են խճճում Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Թե իրականում ինչ է կատարվել եւ կատարվում, ով ինչ դեր է ունեցել այս ամենում, մնում է միայն ենթադրություններ անել, որոնք չափազանց շատ են: Մի բան արդեն հստակ կարելի է ասել. Մխիթարյանի շուրջ բավական անառողջ մթնոլորտ է ստեղծվել եւ դա կարող է ազդել նրա հետագա կարիերայի վրա, եթե շատ արագ այս պատմության բոլոր շահագրգիռ կողմերը ընդհանուր հայտարարի չգան: Սպասենք…. մինչեւ հիմա սպասում ենք, ի դեպ, թե երբ պիտի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանի Օլեգ Մկրտչյանին, որը, եթե հիշում եք, պարզ տեքստով հայտարարեց, որ Հայրապետյանը ոչինչ չունի Մխիթարյանի տրանսֆերային իրավունքներից, հիմա սպասենք, որ այդ թեմային եւս մեկ անգամ անդրադառնա Հենրիխ Մխիթարյանը (ով՝ համաձայն իր վերջին հայտնի հայտարարության, Փարիզում է գտնվում), եւ այս անգամ պատասխանի Պրյադկինին: Սա այն հարցը չէ, որի հանդեպ հայ մարզասերները անտարբեր լինեն: Բոլորին էլ հուզում է Մխիթարյանի հետագա մարզական ճակատագիրը:

Նախորդ հոդվածը‘Իսպանիա-Գանա. Աշխարհի երիտասարդական առաջնություն. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Վահե Էլոյանը դիմել է վարչական դատարան. Մամուլ’