‘Շանթի գործով վկա. Ոստիկանները երթի մասնակիցներին չեն հորդորել դուրս գալ փողոցի երթեւեկելի մասից’

892

Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանները երթի մասնակիցներին չեն հորդորել դուրս գալ փողոցի երթեւեկելի մասից, միայն սադրել են։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Նոյեմբերի 5- գործով դատական նիստին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ասաց վկա Վահագն Մինասյանը:

«Ազգակցական ոչ մի կապ չունեմ ամբաստանյալների հետ, բայց նրանց համարում եմ գաղափարակից ընկերներ եւ ոմանց նույնիսկ ճանաչում եմ։ Նոյեմբերի 5-ին ականատես եմ եղել երթի մասնակիցների հայտարարությանը, որ ոչ մի ուժի կիրառում չի լինելու եւ հորդորեցին սադրիչներին հեռու մնալ, բայց դե, բնականաբար, սադրիչներն ի հայտ եկան ու եղավ այն, ինչ եղավ»,- պատմեց վկան։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի այն հարցին, թե ինքն ինչու էր այդ օրն Ազատության հրապարակում, վկան պատասխանեց՝ «Ես այնտեղ էի, որպեսզի ոստիկանների բռնի ուժից եւ սադրիչներից զերծ պահեմ քաղաքացիներին»։

Վկան պատմեց նաեւ, թե ինչ է տեսել Մաշտոցի պողոտայում. «Պայթյուններ լսեցի, վազեցի Մաշտոցի պողոտա, տեսա, որ քաղաքացիական հագուստով մարդիկ, հետագայում պարզվեց, որ ոստիկանության աշխատակիցներ են, քաշքշում են երթի մասնակիցներին : Վազեցի մեջտեղ, ինչից հետո ինձ եւս բռնեցին, հարվածեցին, հետո տարան ոստիկանության բաժին»:

Վահագն Մինասյանը պատմեց, որ չի լսել, որ երթի մասնակիցները բղավեն՝ «Միլիցա ա, խփեք»: «Ասում էին՝ ոստիկաններ են, մի խփեք, թողեք»,-ասաց վկան՝ նշելով, որ չի լսել նաեւ, որ ոստիկանները երթի մասնակիցներին հորդորեն հեռանալ երթեւեկելի մասից կամ բարձրախոսով հայտարարություններ անեն։

 

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը չգիտի, թե ով է Վանաձորի Քիմպրոմի սեփականատերը’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի Օլիմպիադա. Հայաստան-Նորվեգիա (ուղիղ)’