‘Շվեդիայի ԱԳ նախարար. Ընտրությունների որակը սպասվածից ցածր էր: ՀՀ ԱԳՆ-ը հակադարձում է’

711

Շվեդիայի արտգործնախարարն ու Հայաստանի արտգործնախարարությունը հեռակա բանավեճի մեջ են մտել՝ նախագահական վերջին ընտրությունների շուրջ, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:  

Նախօրեին, մասնավորապես, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Twitter-ի իր էջում գրառում է արել  եւ նշել. — «Կարծում եմ, արդարացի կլինի փաստել, որ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների որակը սպասվածից ցածր էր»։

Հիշեցնենք՝ Եվրամիության արտգործնախարարն ու ընդարձակման հարցերով հանձնակատարը համատեղհայտարարություն էին տարածել եւ նշել, թե ընտրություններում արձանագրվել է առաջընթաց, այդուամենայնիվ, անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները արձագանքեն առկա մտահոգություններին եւ բարեփոխեն ընտրական օրենսդրությունը։

Եվ ահա, Կարլ Բիլդտը, հղում անելով այս հայտարարությանը, ըստ էության փաստել է, թե Եվրամիությունում Հայաստանից սրանից ավելին էին սպասում։

Բիլդտի գրառմանը ժամեր անց արձագանքել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ թե՛ Twitter-ի եւ թե՛ մեկ այլ սոցիալական ցանցի՝ Facebook-ի իր էջերում։ «Ամենայն հավանականությամբ, Բիլդտը Հայաստանով զբաղվող խորհրդականների պակաս ունի, հետեւաբար, նրա ունեցած տեղեկատվության որակը հիասթափեցնող է», — հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը, մինչդեռ, փաստում է, որ Շվեդիայի արտգործնախարարը հայաստանյան զարգացումներին ուշադրությամբ հետեւող սակավաթիվ արտգործնախարարներից մեկն է եվրոպական ընտանիքում։

Եվրամիության կազմում շատ քիչ երկրներ են, որ իսկապես անդրադառնում են հայաստանյան զարգացումներին` մեկը Շվեդիան է, մյուսը` Լեհաստանը, եւ պատճառն այն է, որ հենց այս երկու երկրներն են նախաձեռնել Արեւելյան գործընկերության ծրագիրը՝ հնարավորություն տալով նախկին Խորհրդային Միության երկրներին սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Շվեդիան եւ Lեհաստանը այս ծրագիրն իրենց զավակն են համարում եւ մեծ ուշադրությամբ են վերաբերվում դրա անդամ վեց երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, Բրյուսելից փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը՝ միաժամանակ ընդգծելով, որ Բիլդտի այս գրառումը, այդուամենայնիվ, արտացոլում է միայն եւ միայն նրա անձնական տեսակետը։

«Առայժմ Բիլդտից բացի Եվրամիության անդամ որեւէ երկրի արտգործնախարար այս թեմային չի անդրադարձել, սակայն կարծում եմ՝ հարցը շարունակում է մնալ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության օրակարգում, եւ այստեղ շարունակում են հետեւել հայաստանյան զարգացումներին», — ասում է Ռիկարդ Յոզվյակը։

Նշենք նաեւ, որ Շվեդիայի արտգործնախարարը շուրջ 125 հազար բաժանորդ ունի Twitter-ում եւ համարվում է ինտերնետից եւ տեխնիկական նորամուծություններից օգտվող ամենաակտիվ պաշտոնյան Եվրոպայում։ Հենց նա էր, որ 90-ականների սկզբին՝ Շվեդիայի վարչապետի պաշտոնում, աշխարհում առաջին էլեկտրոնային նամակն ուղարկեց մեկ այլ երկրի ղեկավարի, առաջիններից մեկն էր, որ գրանցվեց Twitter-ում, եւ հիմա այստեղ ավելի հաճախ է գրառում կատարում, քան՝ մամուլի հաղորդագրություն տարածում։

 

Նախորդ հոդվածը‘Պելե. Նեյմարի հիմնական խնդիրներն են մոդան եւ նրա սանրվածքը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ֆեյսբուքյան արձագանքը’