‘Շտապե՛ք, տաք-տաք ոսկին վերջանում է. ՀՀ կառավարություն’

1718

Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից և պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից բացի՝ մնացած արժեքների պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է: Սա ՀՀ կառավարության հիմնավորումն է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի  հուլիսի 4-ի n880-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման համար, որն ընդգրկված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Ավելի մատչելի լեզվով ասած՝ ՀՀ  կառավարությունն արդեն «քերում է» գանձարանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում վաճառելու ենթակա անշարժ և շարժական գույքը, թանկարժեք մետաղները: ՀՀ պետական գանձարանում մնացած թանկարժեք մետաղները և քարերը կառավարությունը մտադիր էր վաճառել դեռ 2012թ., սակայն այն ժամանակ դրան խոչընդոտել էր միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազումը:

Այս գործարքի միջոցով կառավարությունը նպատակ ունի բավարարել ՀՀ արտադրական, ֆինանսական և այլ կարիքները: Համենայն դեպս՝ այսպես է գրված սույն որոշման հիմնավորման մեջ: Կարճ ասած՝ բյուջե լցնել:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տասնամյակ առաջ՝ 2003 թվականին, դեռ այն ժամանակվա Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի օրոք վաճառվեց Հայաստանի ոսկու պահուստը՝ 1 տոննա 396 կիլոգրամ: Մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ)  գինը Նյու Յորքի բորսայում այդ ժամանակ 400 դոլար էր, և հենց այդ գնով էլ վաճառվեց մեր ամբողջ ոսկին: Հասույթը կազմեց 17 միլիոն 800 հազար դոլար: Բայց հենց այն պահից, երբ ԿԲ-ն վաճառեց   մեր ոսկին, այդ մետաղի գինն սկսեց աճել  անհավանական տեմպերով և, ասենք, 2010 թվականին մեկ տրոյական ունցիայի գինը կազմում էր արդեն 1236 դոլար: Եթե ոսկին վաճառվեր, ասենք, 2010 թվականին, ապա Հայաստանի բյուջե կմտներ ոչ թե 17.8 մլն դոլար, այլ 55 մլն դոլար, հետևաբար՝ Տիգրան Սարգսյանի «հմուտ» գործողությունների շնորհիվ ՀՀ-ն կրել է շուրջ 37 մլն դոլարի վնաս:

Բայց Հայաստանին 37 միլիոն դոլարի վնաս պատճառելու համար որևէ մեկը պատասխանատվության, բնականաբար, չի ենթարկվել: Ավելին`ԿԲ այն ժամանակվա նախագահը այսօրվա վարչապետն է: Այսինքն, քաղաքական պատասխանատվության ենթարկվելու փոխարեն՝ նա քաղաքական պարգևատրում է ստացել և այժմ կարող է հանգիստ վաճառել ՀՀ-ին պատկանող ցանկացած արժեք, այդ թվում՝ նաև պետականությունը: 

Հարություն Գևորգյան

Հոդվածում օգտագործված են նյութեր Հայկ Գևորգյանի «37 միլիոն դոլար վնաս» հրապարակումից («ՀԺ», 13.05.2010) 

Նախորդ հոդվածը‘«Մայդանում» 2 մարդ է զոհվել, որոնցից մեկը հայ է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարվել’