‘
«Մենք վերջին խաղերի համեմատ առաջադիմել ենք, քանի որ կարողացանք մեր դարպասն անառիկ պահել»-Ալեգրի:
Այս խոսքերը Միլանի մարզչի կողմից գուցե և ընդունելի կլինեին Յուվեի, Բարսայի կամ մեկ այլ գրանդի հետ խաղից հետո, բայց Ալեգրին այսպես արտահայտվեց ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրում` «Անդերլեխտ»-ի դեմ 0-0 ավարտված խաղից հետո:
Ինչքան էլ «Միլան»-ի երկրպագուները Զլատանի և Տյագո Սիլվայի հեռանալուց հետո կազմակերպեցին ակումբի հուղարկավորության արարողությունը, միևնույն է, նրանցից շատերը նման անհաջող մեկնարկ չէին սպասում իրենց ակումբի կողմից:
Իտալական թերթերի տեղեկատվությամբ`Սիլվիո Բերլուսկոնին, ով տարբեր տեղեկություններով պատրաստ է վաճառել ակումբը, Անդերլեխտի հետ խաղից հետո Գալլիանիից պահանջել է հեռացնել Ալեգրիին, բայց ակումբի փոխնախագահին հաջողվել է համուզել նրան, որպեսզի որոշում կայացվի կիրակնօրյա «Ուդինեզե»-ի հետ դժվարին արտագնա խաղից հետո:
Ըստ ամենայնի, Ալեգրիի հրաժարականին դեմ չեն նաև ակումբի ֆուտբոլիստները և արդեն շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, ովքեր կարող են փոխարինել Ալեգրիին:
Մաուրո Տասոտտի
Տասոտտիի ընտրությունը որպես ակումբի գլխավոր մարզիչ քննարկվում էր դեռ 2009-ին, երբ Անչելոտին հեռացավ «Չելսի», բայց այդ ժամանակ ընտրեցին Մասսիմիլիանոյին, որի օրոք Մաուրոն ևս շարունակում էր աշխատել որպես օգնական: «Միլան»-ում լինելով 1980-ից` Տասոտտին վայելում է երկրպագուների հարգանքն ու ամենից լավ է ճանաչում ակումբը: Այս պահին հենց նրա տարբերակն է ամենից հավանականը թվում, քանի որ Մաուրոն, չպահանջելով ավելին, կհամաձայնի ստանձնել մարզչի դերը մինչև մրցաշրջանի ավարտը:
Ֆիլիպպո Ինձագի
Ավարտելով կարիերան` Պիպոն միանգամից աշխատանքի անցավ ակումբում և հիմա մարզում է մինչև 16 տարեկանների թիմը: «Միլան»-ում վախենում են, որ Ինձագիի հետ կարող է տեղի ունենալ այն. ինչ պատահեց Մոնտելլայի հետ «Ռոմա»-ում, երբ դեռ բավարար փորձ չունեցած նախկին խաղացողին վստահեցին մարզչի դերը: Ինձագիի մարզչական ունակությունները դեռ պարզ չեն, և հիշելով նրան որպես խաղացող` դժվար է պատկերացնել, որ նա կկարողանա միանգամից փոխել ակումբի մթնոլորտն ու խաղը:
Իտալական թերթերի պնդմամբ` հինգշաբթի օրը Ալեգրիի և Ինձագիի վիճաբանության գլխավոր պատճառը հենց այն էր, որ ներկայիս գլխավոր մարզիչը մեղադրել էր Ինձագիին նրանում, որ Ֆիլիպպոն ակումբի ղեկավարներին փորձել էր համուզել ազատվել Ալեգրիից և իրեն նշանակել այդ պաշտոնում:
Ռաֆա Բենիտես
Չնայած «Ինտեր»-ում անհաջող փորձին` շատերը Բենիտեսին շարունակում են համարել տակտիկապես ամենաուժեղ մասնագետներից մեկը: Բենիտեսի տարբերակը շատ ավելի տրամաբանական է թվում մրցաշրջանի ավարտից հետո, երբ իսպանացին ինքը կպլանավորի ակումբի միջմրցաշրջանը, տրանսֆերները և տակտիկական դասավորվածությունը:
Դելիո Ռոսսի
Ադեմ Լյայիչի հետ միջադեպի պատճառով «Ֆիորենտինա»-ից հեռացված մասնագետը հնարավոր է և հենց այն խիստ անձնավորությունն է, որի կարիքը ունեն հիմա «Միլան»-ում, բայց 51- ամյա մասնագետը երբևիցէ չի մարզել գրանդ ակումբ և դժվար թե այս ծանր պահին, նրան ընձեռեն այդպիսի հնարավորություն:
Ֆրանկ Ռայկաարդ, Ռուդ Գուլիտ, Վան Բաստեն
Ռայկաարդն այժմ գումարներ է աշխատում Սաուդյան Արաբիայում, Վան Բաստենը մարզում է «Հերենվեն»-ը իսկ Գուլիտը մնացել է առանց աշխատանքի:
Երեքն էլ մինչ օրս Միլանում համարվում են «ակումբ մարդիկ», սակայն ներկա պահին նրանց ընտրությունը այդքան էլ խելամիտ չի թվում, քանի որ նրանցից ոչ մեկն էլ չդարձավ ուժեղ մասնագետ, չնայած, օրինակ, Ռայկարդը Բարսայի հետ հաղթեց թե ՉԼ-ում, թե Իսպանիայի առաջնությունում:
Ամենահավանական զարգացումը թվում է այն, որ եթե Ալեգրիին որևէ մեկը փոխարինի, ապա միայն որպես «յոլա տանող»-ի դերում` մինչև մրցաշրջանի ավարտ: Իսկ եթե ակումբը այդ նոր մասնագետի գլխավորությամբ կարողանա ՉԼ-ի ուղեգիր նվաճել, հնարավոր է` նրան վստահեն ևս մեկ մրցաշրջան: Հակառակ դեպքում 2013-ի ամռանը, կախված «Միլան»-ի հնարավորություններից և ամբիցիաներից, ակումբի մարզչի պաշտոնի դերում հնարավոր են բազմաթիվ անուններ` Գվարդիոլայից մինչև Դունգա:
‘