‘Ուզու՞մ եք իմանալ, թե հայերը ինչու են լքում Հայաստանը’

1006

«Լույս» հիմնադրամ են ստեղծել, ուսանողներ են ուղարկում արտերկիր, որ կրթվեն լավագույն բուհերում: Ասում են՝ գիտելիքն է առաջնայինը 21-րդ դարում: Նախագահը, վարչապետը հանդիպում են դրսում ուսում ստացողների հետ, զրուցում վեհ գաղափարների շուրջ, բայց հետո պարզվում է՝ իշխանական ներկայացման մի արար է ընդամենը: Սցենարի այս մասի հեղինակն էլ Տիգրան Սարգսյանն է:

Ձեզ գրագետ, կրթություն ունեցող մարդիկ պետք չեն: Ձեր նշաձողը Նոնոն է, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր` Ջոնիկի որսի ընկերը: Արտաշատում երբ մեկին հարցրի Նոնոյի մասին, միանգամից ասաց՝ Ջոնիկի սուրակչին է, սուրակ (որսի կենդանիների խումբ) քշողը: Նա որսի ժամանակ կենդանիներին քշում էր Ջոնիկի ուղղությամբ, որ նա կրակի: Այո, հենց նա` Արարատի մարզում Նոնո մականունով հայտնի Գաբրիել Պողոսյանն է հաղթել բնապահպանության նախարարության անցկացրած «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթում:

Ի՞նչ գիտելիքի մասին եք խոսում, պարոն վարչապետ, երկրում եղած պաշտոնները ձեր բոլորի հարազատներին չի հերիքում: Դուք նույնիսկ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնը չեք ուզում «հանձնել», դուք նույնիսկ մի մրցույթի ընթացքում չեք կարողանում արդարություն ապահովել: Ուզու՞մ եք իմանալ, թե հայերը ինչու են լքում Հայաստանը: Ահա պատճառներից մեկը` հասարակությանը պարտադրվող Նոնոն:  

Էդիկ Բաղդասարյան

hetq.am

Նախորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանի կալանքը երկարացվել է 2 ամսով’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն և ԱՄՀ-ն Հունաստանի հակաճգնաժամային ծրագրին 43,3մլրդ եվրո կհատկացնի’