‘Ուկրաինայում ընդունված օրենքները երկիրը դարձնում են ոստիկանական բռնապետություն’

744

Ուկրաինայի Գերագույն ռադայի երեկվա նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ օրենքների, ընդունվել է նաև 2014 թ. պետական բյուջեն, քաղաքական սկանդալի տեղիք է տվել: Ընդդիմությունն առաջվա պես արգելափակել է ամբիոնն ու նախագահությունը, այնպես որ խորհրդարանական մեծամասնությունը առանց քննարկման և առանց էլեկտրոնային քվեարկության՝ ձեռք բարձրացնելով ընդունել է մի շարք օրենքներ, որոնք, ԶԼՄ-ների գնահատմամբ, երկիրը տանում են դեպի «ոստիկանական բռնապետություն»:

Ընդունված փաստաթղթերը, մասնավորապես, թույլ են տալիս  փորձագետների եզրակացության հիման վրա սահմանափակել ինտերնետի գործածությունը: Բացի այդ՝ քրեական պատասխանատվություն է սահմանվում զրպարտության և «էքստրեմիստական գործունեության» համար, ինչին չափազանց ընդարձակ բացատրություն  է տրվում, նաև զինվորական հուշարձանների պղծման համար:

ZN.UA-ի տվյալների համաձայն՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն ստորագրել է չորեքշաբթի ընդունված օրենքները:  Ընդդիմությունը  նման «օրինաստեղծ գործունեությունը» գնահատել է որպես պետական հեղաշրջում և երկրի սահմանադրական կարգի տապալում, հաղորդում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Մեկ միլիոն եվրո՝ Չեչնիայի անհայտ կորած բնակիչների համար’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանն ստեղծել է գերրձայնային հրթիռ, որն ընդունակ է ճեղքել ամերիկյան ՀՀՊ համակարգը’