‘Ուստա Հրանտ. Սևերով խաղը. հայկական հակահեղափոխությունը ‘

1604

Հայաստանում տեղի է ունեցել հակահեղափոխություն:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, նախ` մի երկու բառով քննենք, թե ինչն է՛ և ինչը չէ՛ հեղափոխություն:

Նախ՝ հեղափոխությունն այն չէ, ինչը հայ լրագրության մեջ սովորաբար կոչվում է «սոցիալական բունտ»: Պատմությանը, իհարկե, հայտնի են դեպքեր, երբ չունևորները, ցածր խավերի ներկայացուցիչները, ստրուկները, գյուղացիներն իրենք իրենցով, առանց այլ՝ միջին կամ բարձր դիրք ունեցող հասարակական շերտերի ներկայացուցիչների կազմակերպման, ապստամբում են իշխող վերնախավի դեմ: Սակայն ես գոնե չեմ հիշում որևէ դեպք, երբ այդ ապստամբությունները հաջողությամբ են պսակվել: Գուցե կան այդպիսիք, բայց բացառություն են:

Հեղափոխության խաղաղ կամ ոչ խաղաղ ձևերի տարբերակումը տվյալ դեպքում անկարևոր է, քանի որ զուտ տեխնիկական հարց է՝ էությունը նույնն է: Այնպես որ մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում նաև «սահմանադրակա՞ն, թե՞ ոչ սահմանադրական ճանապարհի» մասին մեզանում նույնպես մոդայիկ խոսակցությունները:

Հեղափոխությունը նախ գիտակցության և այդ գիտակցությունը կրող դասի, շերտի, հասարակության հատվածի խնդիր է: Իհարկե, անհրաժեշտ են նաև առարկայական պայմաններ, բայց դրանք կարող են դարերով անգամ գոյություն ունենալ և ոչնչի չբերել, եթե չկա գիտակցությունը և այն կրող ու ձևակերպող «առաջապահը» (ավանգարդը): Հեղափոխության մասին խոսելիս չփորձենք ավելի խելոք լինել կամ թվալ, քան այդ գործի վարպետներ ու տեսաբաններ Լենինն ու Գրամշին: 

 

Ավանգարդը

Ուրեմն, ինչպե՞ս և ե՞րբ է տեղի ունենում հեղափոխություն: Երբ տվյալ հասարակության մի հատվածը դառնում է երկրում քաղաքական, մշակութային, տնտեսական, հասարակական հիմնարար փոփոխությունների անհրաժեշտության գիտակցության կրողը՝ հստակության այս կամ այն չափով սահմանելով հեղափոխական գաղափարները, նպատակները և միջոցները: Մնացած մանրամասները տեխնիկական են:

Հասարակության ո՞ր հատվածի մասին է խոսքը: Հեղափոխական գիտակցության կրողն է դառնում գրագետ շերտի մի հատվածը՝ մարդիկ, որոնք ունեն միջին կամ բարձր հասարակական դիրք և հասարակական կարծիքի ձևավորման վրա ազդեցություն: Այս խումբը կարող ենք կոչել «ավանգարդ» կամ «հակաէլիտա» (եթե «էլիտա» բառն օգտագործենք որպես չեզոք եզր՝ իշխող դաս իմաստով): Հակաէլիտայի հետևից արդեն գնում են ավելի լայն զանգվածներ, իսկ հակաէլիտայի ներկայացուցիչների մի մասից ձևավորվում են քաղաքական խմբերն ու առաջնորդները: Ուրեմն հեղափոխության հարցն այս ավանգարդի կամ հակաէլիտայի հարցն է:

 

Եռամիասնությու՞ն

Այժմ տեսնենք, թե այս տեսակետից ի՛նչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին տարիների ընթացքում:

Կարելի է ասել, որ 2007-ի դրությամբ մեր երկրի գրագետ դասի մեջ քիչ թե շատ ձևավորվել էր հեղափոխական գիտացության պոտենցիալ կրողների մի խումբ, որն արձագանքեց քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանի համապատասխան՝ հեղափոխական քաղաքական առաջարկին: Նրա հանրահավաքային առաջին ելույթի ենթավերնագիրն էր «Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը»: Հետաքրքիր է, որ Լ. Տրոցկին դիպուկ նկատում է՝ «հեղափոխությունը ոչ այլ ինչ է, քան իրերն իրենց անունով կոչելը»: Այսպես կոչված «հասարակ ժողովուրդը» նույնպես դրական արձագանքեց Տեր-Պետրոսյանի առաջարկին: Արդյունքում ձևավորվեց յուրահատուկ եռաշերտ համակարգ՝ քաղաքական առաջնորդ, «կոնտրէլիտա»՝ «հեղափոխական գիտակցությունը» կրող «քաղաքացիական ակտիվ», «հասարակ ժողովուրդ»: Այս եռաշերտ դաշինքը, չնայած որ այդպես էլ չունեցավ որևէ աջակցություն դրսից և միայն շատ քիչ աջակցություն՝ իշխանության ներսի տատանվող շերտից, այնուամենայնիվ այնքան ուժեղ գտնվեց, որ նրա հաղթանակը կանխելու նպատակով իշխանությունը ստիպված զինված ուժ կիրառեց: Եթե քո դեմ զինված ուժ են կիրառում, ուրեմն քո ներկայացրած ուժն ու վտանգը մոտավորապես համարժեք են դրան:

 

Հետագան

Չեմ ուզում մանարամասնել հետագան, որը բոլորիս աչքի առջև տեղի ունեցավ, բայց ինչ-որ պահից հիմնական միտումը եղավ այս եռաշերտ կառուցվածքի աստիճանական քայքայումը: Մոտավորապես 2008-ի աշնանից, բայց ավելի արագ՝ 2010-2012 թթ.-ի ընթացքում «հեղափոխական դասի» առանձին հատվածների ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ սկսեցին պոկվել Տեր-Պետրոսյանի քաղաքական բևեռից: Պատճառները տարբեր են, որոնց թվում, իհարկե, կարևոր են նաև առաջին նախագահի ղեկավարած քաղաքական կառույցի սխալները՝ քաղաքական և տեխնոլոգիական, ռեսուրսային թուլությունը և ի վերջո զուտ առարկայական հանգամանքը՝ չորս տարի անընդմեջ քաղաքական և քաղաքացիական դիմադրության վիճակի մեջ լինելու բարդությունը: Սակայն սրանք միակ պատճառները չեն: Ավելին՝ այս պատճառները քիչ թե շատ տեսանելի են և հայտնի: Տվյալ դեպքում առավել հետաքրքիր է մյուս կարևոր խնդիրը. «հեղափոխական դասը» ոչ միայն պոկվեց շարժումից, այլև նրան աստիճանաբար և հաջողությամբ պոկեցին: Ինչպե՞ս: Այ սա իրո՛ք հետաքրքիր գործընթաց էր:

 

Արթուր Բաղդասարյան «դլյա ինծիլիգենցիի»

Տեղի ունեցածը հակահեղափոխություն էր հեղափոխական տեխնոլոգիաներով, իսկ իրականացնողները նախկին հեղափոխականներն էին, որոնք շարունակում էին խոսել հեղափոխության լեզվով և հեղափոխության անունից:

Հակահեղափոխության էությունն է՝ հեղափոխական խոսքի նմանակմամբ, որոշ դեպքերում գերհեղափոխական, «սկզբունքային» դիրքերից խոսելով՝ քայքայել հեղափոխական գիտակցությունը և ձևավորել կեղծ-հեղափոխական, իսկ փաստացի՝ հակահեղափոխական գիտակցություն՝ առանց հակահեղափոխության կամ «Սերժ Սարգսյանին աջակցելու» ուղիղ քարոզի:

Աշխատանքի թիրախ-խումբը նույնն էր՝ պոտենցիալ «հեղափոխական ավանգարդը»: Սա Սերժի կողմից դեռ վաղուց կիրառված «գեղամյան» կամ «արթուր-բաղդասարյան» տեխնոլոգիայի օգտագործումն էր, բայց այս անգամ ոչ թե բուն քաղաքական, այլ խոսքի՝ քարոզչության և գաղափարախոսության դաշտում:

 

Նրանց անունն է լեգիոն

Ումո՞վ և ինչպե՞ս իրականացվեց հայկական հակահեղափոխությունը: Այդ գործընթացն ունեցավ իր «չար հանճարները» և անմիտ կատարողները: Հակահեղափոխության առաջին գծում աշխատեցին «Առաջին Լրատվական» և «Լրագիր» կայքերը: Բացի այս կայքերի խմբագիրներից, որոնց անունները հայտնի են և արժանի են հակահեղափոխության ապագա թանգարանի պատերին փորագրվելու՝ հատուկ պետք է հիշատակվի «չար հանճարը»՝ տաղանդավոր լրագրող Հակոբ Բադալյանը, նույն ինքը՝ Արամ Ամատունին, Ջեյմս Բադալյանը, Եղիազար Այնթափցին, Հովհան Մանդակունին և էլի Սերժը գիտի, թե ով:

Ես դեռ շատ առիթներ կունենամ ավելի մանրամասն ներկայացնելու հակահեղափոխության մեխանիկան: Այժմ միայն մի քանի խոսք դրա կարևոր դետալներից:

 

Լրատվական դաշտի ֆեյքերը

 

ա. Դիմակահանդես: Հակահեղափոխությունը չի ներկայանում իր դեմքով: Այն հագնում է դիմակներ: Բանավիճել նրա հետ՝ նշանակում է ոգեկոչել ուրվականներին: Կեղծանունները նրա ոճն են: Երկու-երեք հոգի, գրելով մոտ 10 հոգու անունից, ստեղծում են բազմամարդության պատրանք: Կեղծվում են ոչ միայն անունները, այլև խոսքը. եթե հակահեղափոխությունը խոսեր ուղիղ և բաց ներկայացներ իր հիմնական քաղաքական դիրքորոշումները, այն է՝ «Սերժ Սարգսյանը՝ որպես հայ «առաջադիմականության» հայր, հույս և հավատ», այն չէր ունենա իր ներկա ընթերցողների 10 տոկոսն իսկ: Այդ իսկ պատճառով, եթե հեղափոխությունն իրերն իրենց անունով կոչելն է, ապա հակահեղափոխության գլխավոր մարտավարությունն է խոսքի կեղծումը՝ կեղծանվանումը, չասելիքի գերակայությունն ասելիքի նկատմամբ, դատարկ տեքստերը, քարոզչության և հակաքարոզչության բացարձակ գերակայությունը տեքստային բովանդակության հանդեպ:

բ. Հարվածի թիրախները: Ցանկացած ուժ, որը կարող էր իրական սպառնալիք ներկայացնել Սերժ Սարգսյանի ռեժիմին: Կարևոր չեն այդ ուժի որակները: Կարևորը, որ Սերժ Սարգսյանը չպետք է ունենա մրցակիցներ: Այսօր, երբ բոլորին պարզ է, որ գալիք ընտրություններում Սերժ Սարգսյանն այդպիսիք չի ունենա, կարող եք հետադարձ հայացքով ընթերցել նույն նյութերը, որոնցից շատերդ հրճվել եք, և մտածել, թե, անկախ դրանց մեջ եղած ճիշտ և սխալ գնահատականներից, ինչպիսի՞ քաղաքական իրավիճակի ստեղծմանն են դրանք նպաստել:

գ. Խրախուսական մրցանակներ: Հնարավորինս անջատել քաղաքական և քաղաքացիական դրսևորումները: Չափազանցնել և ուռճացնել ցանկացած քաղաքացիական դրսևորում, որն իր ազնիվ նպատակներով հանդերձ չի կարող ինքն իրենով իրական մարտահրավեր լինել Սերժ Սարգսյանի իշխանությանն ու կապիտալին, և արհեստականորեն հակադրել այն քաղաքական պայքարին:

դ. «Իձյոլոգիա»: Ո՜չ, այս մարդիկ Ժոզեֆ Դե Մեստր չեն, ոչ էլ Շարլ Մոռաս: Նրանց հակահեղափոխականությունը գաղափար չէ, ապրում չէ, համոզում չէ: Այն սովորական, դատարկ տեխնոլոգիա է, որը չի ներկայանում իր անունով: Հայկական հակահեղափոխականությունը հանդես եկավ և գալիս է առաջադիմականության անունից: Այն ունի իր սուռոգատ-տեսությունը, որն առանձին վերլուծության է ենթակա, բայց որի հիմնական բաղկացուցիչ տարրերն են՝ գավառական անգրագիտություն, «ինտելեկտուալիզմի» անհամարժեք մեծ հավակնություններ, աներևակայելի էկլեկտիզմ և արդյունքում՝ մի ծաղրանկար, ուր «առաջադիմականությունը» սահմանակցում է գործակալի հայտ ներկայացնելուն: Բայց այս մասին՝ իրոք առանձին:

ե. Հաշիվը: Հակահեղափոխությունը հաղթում է: Սերժը գնում է ընտրությունների գրեթե առանց լուրջ այլընտրանքի: Բայց շենքը կառուցված է ավազի վրա: Գալիս է ու դեռ գալու է իրերը նորից իրենց անուններով, որոշ դեպքերում՝ անուն-ազգանուններով կոչելու ժամանակը: Առաջնային նպատակ է դառնում քանդել հակահեղափոխության սարդոստայնը: Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել Հայաստանում իրական քաղաքացիական հասարակության ձևավորումից:

Սա համարեք պատերազմի պաշտոնական հայտարարություն:

Հ.Գ. Այս տեքստը գրելիս գիտակցաբար խախտեցի կոնկրետ անուններ չտալու հայկական ավանդույթը: Իհարկե, իմ նշած անունները Պոլիշինելի գաղտնիք են, բայց, ըստ իս, կարևոր է վերջապես խոսել անուններով՝ թույլ չտալով, որպեսզի մարդիկ իրենց շլանգի տեղ դնեն, իբր չեն հասկանում, թե ու՛մ մասին է խոսքը: Հայ քաղքենին շատ է վախենում բացությունից, ինչպես խլուրդը լույսից:

 

Հ.Գ. 2. Այսքանով թեման ոչ միայն չի ավարտվում, այլև նոր է սկսվում: Բայց սա չի նշանակում, թե մենք առիթ չենք ունենալու խոսել նաև մյուս կողմի՝ ընդդիմության թույլ տված հատկապես տեխնոլոգիական սխալներից, որոնք, անշուշտ, նպաստեցին, որ հակահեղափոխությունը ժամանակավորապես հաղթանակի:

 

Նյութը արտատպված է Ուստա Հրանտի (Հրանտ Տէր-Աբրահամեան) բլոգից

Նախորդ հոդվածը‘Ռոնալդինյոն ընդդեմ այլմոլորակայինների’
Հաջորդ հոդվածը‘Տաղանդավոր ֆուտբոլիստը մանրադրամ չէ ‘